ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26–ին Նյու Յորքում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԳ նախարարները քննարկել են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ներկայացրել ՄԱԿ-ի շրջանակներում իրենց առաջնահերթությունները, անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ-պետությունների նախաձեռնություններին ու դրանց փոխադարձ սատարմանը, մտքեր են փոխանակել ՀԱՊԿ ընթացիկ աշխատանքների շուրջ:
Իր խոսքում նախարար Մնացականյանը կարևորել է նախարարական հանդիպման այս ավանդական ձևաչափը, որպես արտաքին քաղաքական համակարգման արդյունավետ հարթակ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման շրջանակներում ծավալվող գործընթացի շուրջ:
ՀԱՊԿ անդամ պետությունների նախարարների ուշադրությանը ներկայացվեց նոյեմբերին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի ու կանոնադրական մարմինների նիստերին, ինչպես նաև կազմակերպության աշխատանքային օրակարգին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները ստորագրեցին «Տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ակտիվացման», «Աֆղանստանում իրադրության, երկրի հյուսիսային նահանգներում ԴԱԵՇ-ի դիրքերի ամրապնդման և Աֆղանստանի իսլամական հանրապետությունից թմրամիջոցների տարածման վտանգի աճի», «Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության կայունացմանն ուղղված ջանքերի» վերաբերյալ հայտարարությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը