Սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողներին ասաց՝ սախկին իշխանությունների նկատմամբ ատելությունը դուրս է գալիս խաժամուժներից, ֆեյքերի գրառումներով է արտահայտվում, այլևսկ արիք էլ չկա, ձեր իշխանությունն էլ կվերցնեն:
Ալիկ Սարգսյանը նշեց, որ զայրացած է սոցիալական ցանցերում իր հասցեին հնչող մեկնաբանություններից: «Թաց ու չորը խառնվել է իրար, ու հարձակումը կատարվում է բոլորի վրա անկախ ամեն ինչից։ Մի հատ բառ են լսում՝ ՀՀԿ և միանգամից հարձակվում, կապ չունի՝ դա ով է, իրենից ինչ է ներկայացնում, ոնց է ապրել. դա որևէ նշանակություն չունի։ Հարձակվում են միանգամից՝ «կամանդա ֆաս», ու ֆասի ժամանակ խաժամուժը հարձակվում է «Ֆեյսբուքով», ոչ մի դատողություն այս պահին չի կարող նորմալ արձագանք ստանալ, որքան ուզում ես ճիշտ բան ասես»,- նշեց պատգամավորը։
Այն դիտարկմանը, թե շատերի պնդմամբ՝ ՀՀԿ-ն ևս ֆեյքեր ունի, Ալիկ Սարգսյանն արձագանքեց. «Ես թքել եմ էն ֆեյքերի վրա, որոնք «Հանրապետականի» անունից քննադատում են ինչ-որ մեկին, թքել եմ նաև բոլոր ֆեյքերի վրա»,-զայրացած ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ իրեն չեն կարող ճնշել, պարզապես երևույթը, մեղմ ասած, տգեղ է:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե վերականգնում է կապերը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամայանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, թե հանդիպում է ունեցել նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ: ՀՀԿ-ական պատգամավորը հերքեց դրանք՝ նշելով՝ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
Հարցին` հնարավո՞ր է՝ դուրս գա ՀՀԿ-ից, նա պատասխանեց. «Իմ մոտ էդ էնքան հարաբերական ա։ Սա հատուկ զոմբիացված վիճակ չի, որ մնացել եմ, ես սպասում եմ` տեսնեմ, թե ինչ է լինում, էդ էլ` հանուն մեր երկրի, սպասում եմ»:
Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Սարգսյանը խորհուրդ տվեց չշտապել։ «Մի' շտապեք, դրա մեջ էլ վտանգներ կան։ Ես չեմ ուզում, որ սա տարերային բնույթ կրի և արվի ինչ-որ մեթոդներով, որ ուժերը տանի ցնցումների»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը