24 09 2018

Ավելի կարևոր գործեր ունենք անելու, քան խորհրդարանական ընտրությունների մասին մտածելը․ Վահրամ Բաղդասարյան

Ավելի կարևոր գործեր ունենք անելու, քան խորհրդարանական ընտրությունների մասին մտածելը․ Վահրամ Բաղդասարյան

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է՝ հիմքեր, անհրաժեշտություն չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների

«Մենք ցանկացած քննարկումների պատրաստ ենք, բայց ինձ թվում է՝ մենք Ընտրական օրենսգրքի հետ կապված քննարկումներ կունենանք, որովհետև մինչև ընտրություններ մենք ԸՕ-ը պետք է բարելավենք: Մենք ավելի շատ, ավելի կարևոր գործեր ունենք անելու, քան արտահերթ ընտրությունների մասին մտածելը: Պետք է Ընտրական օրենսգիրքը հասցնենք ավարտուն տեսքի»,- նշել է խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ի գիշերը Մանհեթնի «Յեյլ» ակումբում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երևան վերադառնալուն պես բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի ղեկավարների հետ՝ ԱԺ-ը ցրելու մասին:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին անդրադառնալով՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ընտրությունների արդյունքն ավելի ընկալելի կլիներ, եթե անձամբ վարչապետի միջամտությունը չլիներ:«Վարչապետի համար պետք է միևնույն լինի, թե ով կլինի քաղաքապետը, որովհետև ինքը բոլորի վարչապետն է: Կարծում եմ՝ նույն արդյունքը նորից կապահովվեր, որովհետև բոլորը գիտեն, որ դա վարչապետի քաղաքական ուժն է: Վարչական ռեսուրսի մասին երբ խոսում ենք, եթե երկրի առաջին դեմքով նման հայտարարություններ արվում են, մի փոքր քաղաքական տեսանկյունից ընկալելի չէ»,- ասել է նա՝ նշելով, որ ցանկալի կլիներ, որ ավագանիում ավելի շատ՝ 6-7 քաղաքական ուժեր ներկայացված լինեին:

Այն հարցին, թե ընդունո՞ւմ է, որ Հայաստանում վերջապես տեղի ունեցան ազատ, արդար ընտրություններ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Ցանկացած ընտրության ժամանակ նման կարծիքներ արտահայտում են: 2017 թ.-ի Ազգային ժողովի ընտրություններին նույն կարծիքն է հնչել բոլոր քաղաքական ուժերի կողմից և բոլոր միջազգային կառույցների կողմից»:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65 %-ը։ Այս թիվը, Բաղդասարյանի խոսքով, բավականին քիչ մասնակցություն է: «Գոնե 50 տոկոսից ավելի մասնակցություն պետք է լիներ, որ իմանանք, որ երևանցիների կամքն է դա: Ընդհանուր առմամբ, ընտրողների քանակին համապատասխան արտահայտվում է այն կամքը, որն արտահայտել է: Ես ասում եմ, որ ցանկալի կլիներ ավելի շատ մասնակցությունը»,- ասել է նա:

Վահրամ Բաղդասարյանը քիչ մասնակցությունը պայմանավորել է ժողովրդի ապագայի հավատով։ «Ինձ թվում է՝ խնդիրը ժողովրդի հավատն ապագայի նկատմամբ: Ես համոզված եմ, որ ընտրողների 80-90 տոկոսը եղել է Երևանում, և նրանք կարող էին մասնակցություն ունենալ: Այսինքն՝ դեռ անտարբերությունը կա: Այս ոգևորության ֆոնի վրա պետք է նույնիսկ դրսից գային և իրենք քաղաքացիական պարտքը կատարեին»,- եզրափակել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ