Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ստացվել են մայրաքաղաքի բոլոր 475 ընտրատեղամասերից: Ըստ այդմ՝ ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 294 109 քվե կամ 81.06%, առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:
Ի դեպ, համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, Հայկ Մարությանը համարվում է իրավունքի ուժով ընտրված քաղաքապետ, քանի որ ստացել է ձայների 50 տոկոսից ավելին:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 370 323 քաղաքացի կամ ընտրողների 43.65 տոկոսը:
Ավագանու ընտրության նախնական արդյունքներով՝ երկրորդ տեղում 25 219 քվեով կամ 6.95 % ձայնով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: Երրորդը «Լույս» դաշինքն է, որն ստացել է ընտրողների 4.99%-ի կամ 18 112 բնակչի քվեն: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում էին 8 կուսակցություն և 4 դաշինք։
Այսպես, ընտրական օրենսդրության համաձայն՝ ՀՀ ԿԸՀ-ն ընտրության վերջնական արդյունքները հայտարարում է քվերակությունից հետո 7-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, իսկ ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ կետի՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը, այսինքն՝ ստացվում է Հայկ Մարությանը պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։
Քվեները բաշխվել են հետևյալ կերպ.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 25 219 ձայն կամ 6.95%
«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը - 2 502 ձայն կամ 0.69%
«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք – 2 985 ձայն կամ 0.82%
«Երկիր Ծիրանի» կուսակցություն –5 059 ձայն կամ 1.39%
«Ժառանգություն» կուսակցություն – 2709 ձայն կամ 0.75%
«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն –799 ձայն կամ 0.22%
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք – 294 109 ձայն կամ 81.06%
«Լույս» կուսակցությունների դաշինք – 18 112ձայն կամ 4.99%
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 5 882 ձայն կամ 1.62%
Հայք (հայկազուններ) կուսակցություն – 692 ձայն կամ 0.19%
«Ռեֆորմիստներ» կուսակցություն – 792 ձայն կամ 0.22%
«Օրինաց երկիր» կուսացություն – 3948 ձայն կամ 1.09%
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը