23 09 2018

Վարչապետը խնդիր դրեց, որ, ընտրելով իր թիմի առաջադրած թեկնածուին, իրեն վստահության քվե կհայտնեն. ՀՅԴ թեկնածու

Վարչապետը խնդիր դրեց, որ, ընտրելով իր թիմի առաջադրած թեկնածուին, իրեն վստահության քվե կհայտնեն. ՀՅԴ թեկնածու

Երևանի քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածու Միքայել Մանուկյանը սեպտեմբերի 23-ին, քվեարկեց հանուն բարեկեցիկ ու կանաչապատ Երևանի ու հանուն մայրաքաղաքի միասնականության և համերաշխության:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում թեկնածուն քարոզարշավի ընթացքը բավարար գնահատեց. «Մի քիչ քաղաքականացվեց և գնաց վարչապետին սատարելու ընտրության, վարչապետի մասնակցությունն ընդհանրապես ավագանու, տեղական ընտրությունները շեղում է դեպի համապետական ընտրություններ: Վարչապետը խնդիր դրեց, որ, ընտրելով իր թիմի առաջադրած թեկնածուին, իրեն վստահության քվե կհայտնեն, ինչը, կարծում եմ, վարչական լծակի օգտագործում էր »:

Ըստ նրա՝ քաղաքացին այսօր բարձր ինքնագիտակցություն ունի: Մանուկյանը հույս ունի, որ յուրաքանչյուրը խղճի մտոք է քվեարկելու.«Շատ լավ մթնոլորտ է տիրում ընտրատեղամասերում, ոչ մի խնդիր դեռևս չի եղել: Ամեն ինչ իր բնականոն հունով գնում է»:

Մանուկյանը պատրաստակամություն հայտնեց, որ, անկախ ընտրությունների արդյունքից, թե ով կդառնա քաղաքապետ՝ պատրաստ է համագործակցել այդ ուժի հետ:

Հարցին, թե արդյո՞ք ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգեր լսել են՝ Մանուկյանը պատասխանեց, որ խոսակցություններ են ուղղակի եղել.«Երեկ, սակայն, ոստիկանության կողմից այլ բան տեսանք. պետք է մի փոքր ավելի պրոֆեսիոնալ լինել, ի՞նչ է նշանակում 80 հոգով մտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակ, իսկ վերջում ասել՝ ոչինչ չգտանք: Պետք է ավելի լուրջ մոտենալ այս հարցին: Հիմա լրագրողներն էլ լուրեր են գրում՝ ասելով, թե՝ ըստ հավաստի աղբյուրների՝ այսինչն է պատահել, սակայն, կարծում եմ, ոստիկանությունը պետք է ավելի լուրջ մոտենա ամեն ինչին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ