Սեպտեմբերի 23-ին վաղ առավոտյան Նուբարաշենի թիվ 10/54 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Անդրադառնալով երեկ Ոստիկանության կողմից ԲՀԿ Աջափնյակի ընտրական շտաբում իրականացված գործողություններին՝ ոստիկանապետն ասաց. «Ոստիկանության բոլոր գործողություններն օրենքի շրջանակներում էին, ընթացքի մասին ձեզ կտեղեկացնենք»,-ասաց ՀՀ ոստիկանապետը:
Սեպտեբերի 22-ին ընտրակաշառքի մասին հաղորդումներ էին եղել և հարցին, թե արդյոք հաստատվել է փաստը, որ ընտրակաշառք էր բաժանվում, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց` այդ փաստերը ուսումնասիրվում են, հենց նորություն լինի, կտեղեկացնեն:
Քաղաքապետի թեկնածուներից Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել էր, որ այդ ահազանգերը սուտ մատնություն են, և Վալերիյ Օսիպյանին կոչ էր արել քրեական գործեր հարուցել սուտ մատնության հոդվածով:
Ի պատասխան` ՀՀ ոստիկանապետն ասաց. «Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չեն տիրապետում, ոստիկանությունը տիրապետում է ողջ Հայաստանում օպերատիվ իրավիճակին, և ցանկացած ահազանգ, գրառում պարտադիր ուսումնասիրության առարկա պետք է դառնա»: Ոստիկանապետի խոսքով՝ մի քանի քրեական գործեր են հարուցված ընտրակաշառքի համար և իրականացվում է համապատասխան վարույթ: Նա չցանկացավ հայտնել, թե որ քաղաքական ուժի կամ ուժերի ներկայացուցիչներն են ընտրակաշառք բաժանել. «Որպեսզի չդիտվի որպես հակաքարոզչություն կամ քարոզչություն, այժմ ոչինչ չեմ ասի, կանդրադառնանք ընտրություններից հետո»:
Վալերիյ Օիպյանը տեղեկացրեց նաև, որ այս պահի դրությամբ քվեարկության հետ կապված ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, ընտրախախտում չի արձանագրվել: «Մենք արդեն ունենք նախադեպը չունեցող ընտրություններ, քանի որ նախընտրական շրջանում չեն արձանագրվել որևիցե կոպիտ խախտումներ՝ նաև ոստիկանության կանխարգելիչ աշխատանքների շնորհիվ»,- եզրափակեց Օսիպյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը