Հայաստանում «թավշյա հեղափոխության» հաջողության գրավականներից էր ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճարտասանական հմտությունների կիրառումը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գերմանացի հայտնի ճառագիր, հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ, Գերմանիայի Սաքսոնիա նահանգի Ներքին գործերի Ռազմավարական PR-ի պատասխանատու Վազրիկ Բազիլը:
Խոսելով Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետերի թեկնածուների ելույթների, հայտարարությունների մասին՝ նա նկատեց․«Շատ քիչ եմ հետևել, բայց երկու տպավորություն եմ ստացել՝ լեզուն բիրտ է հաճախ: Զարմանալի է, որ բարձրաստիճան քաղաքական մարդիկ նման լեզվով են խոսում․․․ Մարդկանց ուղղված մեղադրանքներ կան՝ իբրև գող, զավթիչ և այլն: Բարձրաստիճան քաղաքական գործիչները պետք է սպասեն դատարանի վճռին՝ պարզելու՝ այս արարքը գողությու՞ն է, թե՞ ուրիշ օրենքի խախտում: Բայց դատարանին կանխելը՝ նման որակումներ անելով, կարծում եմ, սխալ է»,- ասաց նա:
Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քարոզարշավում նկատվող «բիրտ» հռետորաբանությունը հարցին, Վազրիկ Բասիլը պատասխանեց․ «Հասարակությանը լեզուն կարող է բիրտ դառնալ: Եթե բարձր պաշտոններ զբաղեցնողները, պատասխանատու անձերն են նման բառապաշարով խոսում միմյանց մասին, նման բառեր են գործածում, քաղաքացին էլ կարող է ասել՝ ես էլ կարող եմ նման կերպ խոսել, նման բառերով խոսել, և խոսքը միաժամանակ արարմունք է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի միջև բանավեճ չի լինում, որքանո՞վ է բանավեճի առկայությունը կարևոր ընտրապայքարում, նա պատասխանեց․«Դա շատ կարևոր բան է: Հրաժարվելը լավ բան չէ, բայց կարող է հիմնավոր պատճառ ունենա դրա համար: Չպետք է ստեղծել տպավորություն, որ նա չի ցանկանում խոսել այլ ուժերի հետ: Դա դրական ազդեցություն չի ունենա իր վարկանիշի վրա: Բանավեճը շատ կարևոր է ընտրությունների համար, իսկ թե հետո կկատարվեն խոստումները, թե՝ ոչ, այլ բան է»,- ասաց նա:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը