ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնեց, որ Արցախի նախագահի, ՀՀ պաշպանության նախարարի, Զինված ուժերի շտաբի պետի և Պաշտպանության Բանակի ղեկավարի հետ առաջնագծում աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել:
«Առաջնագծում ընդհանուր առմամբ բավականին լարված է, բայց կարելի է իրավիճակը կայուն համարել և վերահսկելի: ՀՀ զինված ուժերը և պաշտպանության բանակը վերահսկում են իրավիճակը»,- նշեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ասաց, որ Արցախի նախագահի հետ և զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված ընթացիկ վիճակը, հայկական կողմի դիրքորոշումը: «Հստակ արձանագրեցինք, որ չկա որևէ կասկած, որ մեր Զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխանն են տալիս Ադրբեջանի զինված ուժերի սադրանքներին:
Բայց դա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, մենք պատրաստ ենք բանակցությունների: Արցախի նախագահի հետ այդ դիրքորոշումը նույնպես քննարկեցինք, նա նույնպես պատրաստ է պատերազմի: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի։ Մեր վստահությունը հիմնված է մեր Զինված ուժերի, մեր ժողովրդի վստահության և այսօր հաստատված բացառիկ միասնականության վրա»,- նշեց վարչապետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը