ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին: Զաքարյանը մասնավորապես գրել է.
«Երևանյան օրերի խրոնիկա. Երևանի ավագանու ընտրություններին մնացել են հաշված օրեր, ու իմ տպավորությամբ երևանցիները լոյալ վերաբերմունք ունի դրա նկատմամբ:
Նախ՝ առ այսօր չկա հստակ պատասխան՝ թե որքանո՞վ էր պահանջված ավագանու արտահերթ ընտրությունները: Քաղաքապետարանի դիմաց փոքրաթիվ մարդկանց մի քանի անբովանդակ ակցիաներ, որոշ լրատվամիջոցներում պատվիրված հրապարակումներ և արտահերթ ընտրություններն ապահովված են: Առնվազն տարօրինակ է:
Ի՞նչն է նպատակը, որպեսզի Հայկ Մարությանը դառնա քաղաքապե՞տ։ Ինչո՞ւ հենց նա, չէ, որ իշխանափոխությանը մասնակցել են նաև արժանի ու պատրաստված կադրեր: Այս հարցն ամենաչպարզաբանվածն է և որևէ տրամաբանական մեկնաբանություն առ այսօր չկա:
Ովքե՞ր են պատրաստ ընտրել Մարությանին. որպես երկար տարիների եթերային կերպար բոլորը նրան լավ ճանաչում են, և իմ տպավորությամբ մտածող մարդիկ ուղակի չեն ցանկանում քվեարկել նրա օգտին (թեկուզև համակրել են իշխանափոխությանը):
Ի՞նչ է պետք անել, որպեսզի վերջինս ընտրվի. Իհարկե, Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցություն քարոզարշավին, և ձեռքի հետ էլ հնարավորություն կլինի թեժացնել անկում ապրող էյֆորիան:
Ի՞նչ է փոխվելու Երևանի և երևանցու կյանքում ընտրություններից հետո. էական ոչինչ:
Այլ կուսակցություններ ունե՞ն ընտրվելու շանսեր. եթե վարչապետն ու Նիկոլ Փաշինյանը չխառնվեն, ապա մյուսներն ավելի մեծ շանսեր ունեն հաղթելու, քան ՔՊ-ն:
Հետևաբար, ո՞րն է Նիկոլ Փաշինյանի նպատակը:
Արար 1 . Ցույց տալ, թե տեսե՛ք ինչ արդար ու անկաշառ ընտրություններ են անցկացվել Երևանում:
Արար 2. Երևանում ամրապնդել ՔՊ դիրքերն ու տնօրինել Երևանի վարչական ռեսուրսները: Ինչպես նաև համայնքային պաշտոններում տեղավորել նորաթուխ և անփորձ երիտասարդների (կամ ծանոթ-բարեկամների) նոր կազմ:
Արար 3. Հիմքեր ստեղծել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:
Հետևաբար՝ այս արտահերթ միջոցառման առաջին արարի նպատակը՝ արդար ընտրությունների իմիտացիան են: Իսկ թե որքանո՞վ են դրանք ազատ, թափանցիկ ու արդար՝ հատուկ անդրադարձ է հարկավոր:
Այնպես որ, այն ինչ արվում է հանուն ժողովրդի կամ ժողովրդի կամքով, դրանից ժողովուրդը դեռևս ոչինչ չի շահում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը