Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն այցելել է Ադրբեջան՝ Իլհամ Ալիևի և ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպելու համար։ Ադրբեջանն այն սակավաթիվ մահմեդական պետություններից է, որը լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, և վաղուց իսրայելական զենք է գնում, գրում է BBC-ն։
Փորձագետների կարծիքով՝ պաշտպանության նախարարի այս այցը ևս կապված է ռազմական համագործակցության հերթական փուլի հետ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու պաշտոնական պետական գործակալությունը դեռևս մանրամասներ չեն ներկայացրել հանդիպումից:
«Ադրբեջանը չի թաքցնում, որ իսրայելական արտադրանքն իրեն արդարացրել է նախկինում: Օրինակ, 2016 թվականին Ադրբեջանը կիրառել է ժամանակակից իսրայելական անօդաչու թռչող սարքեր, որոնք հայկական կողմին դժվարությունների առաջ էին կանգնեցրել»,- նշել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
Փորձագետի խոսքով՝ իրենց արդարացրել են Spike հակատանկային հրթիռները: Ջաֆարովը նշում է՝ Ավիգդոր Լիբերմանի այցի ժամանակ զենքի հարցով նոր որոշումներ կկայացվեն, որոնց մասին հնարավոր կլինի իմանալ միայն տարեվերջին, երբ երկիրը ՄԱԿ-ում հաշվետվություններ ներկայացնի՝ նշելով գնված և վաճառված ռազմական արտադրանքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը