13 09 2018

Ամերիկացի կոնգրեսականը հորդորել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկացի կոնգրեսականը հորդորել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Տեխասի ներկայացուցիչ Թեդ Փոն իր ելույթում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և ԱՄՆ կառավարությանը հորդորել ճանաչել այն: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը թվիթերյան էջում հրապարակել է ելույթի տեսանյութը։

«Ավելի քան մեկ դար առաջ, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Եվրոպայում սկսված մեծ պատերազմի վրա, տեղի է ունեցել պատմության մեջ ամենասարսափելի ցեղասպանություններից մեկը: Օսմանյան կայսրությունը և վերջինիս հետնորդ Թուրքիայի Հանրապետությունը մշտապես հերքել են այն վայրագությունները, որոնք իրականացրել են հայ ժողովրդի հանդեպ: Մեր կառավարությունը չափազանց երկար ժամանակ է աջակցել Թուրքիային: Մենք թույլ ենք տվել, որ քաղաքականությունը փակի մեր աչքերը օսմանյան թուրքերի կողմից 1.5 միլիոն անմեղ հայերի համատարած սպանության վրա։

Մենք պետք է պաշտոնապես ճանաչենք այս սոսկալի հանցագործությունը, որպեսզի թույլ չտանք՝ նման դեպքերը կրկնվեն։ Սա նաև նշանակում է ճնշում գործադրել թուրքերի վրա, որպեսզի ճանաչեն անցյալում գործած իրենց մեղքերը: Թուրքիան իր բռնապետ առաջնորդի ղեկավարությամբ ապացուցում է, որ սեփական ժողովրդին է բռնաճնշում: Մենք այսօր տեսնում ենք, որ նա նույն դաժանությամբ է վարվում թուրք ժողովրդի հետ, ինչպես ավելի քան մեկ դար առաջ թուրքերը՝ հայերի հետ: Այսպիսի վարքագիծն անընդունելի է ՆԱՏՕ-ի անդամի և ԱՄՆ-ի ենթադրյալ դաշնակցի կողմից: Սակայն դա է իրականությունը»,- նշել է Թեդ Փոն:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ