13 09 2018

Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի նշանավորվի արտաքին քաղաքականության շրջադարձով. Ամերիկայի ձայն



Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպումը Նյու Յորքում չի նշանավորի որևէ արմատական շրջադարձ արտաքին քաղաքականության մեջ, ընդգծում է Սպիտակ տան երկար տարիների աշխատակից, նախագահներ Նիքսոնի, Ռեյգանի և Բուշի աշխատակազմերի անդամ Արամ Բախշյանը:

Այս մասին տեղեկանում ենք  Ամերիկայի Ձայնը կայքից:

«Դա հավանաբար քաղաքավարության հանդիպում կլինի, երկու կողմերից բարի կամքի դրսևորման նշան, այլ ոչ թե քաղաքական նժարի լուրջ փոփոխություն»: Բախշյանն, ով երկար տարիներ երեք նախագահների համար ելույթներ է գրել և քաջատեղյակ է Սպիտակ տան աշխատանքի կանոններին, ընդգծում է՝ Թրամփ-Փաշինյան հանդիպումը կարող է կայանալ միայն, եթե Հայաստանի արտգործնախարարությունն ու ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կարողանան նուրբ արարողակարգ մշակել. «Հայ-ամերիկյան հարաբերություններում որևէ սրված հարց չկա, չկան նման հարցեր նաև հայ-ռուս-ամերիկյան հարաբերություններում: Այսպիսով, որևէ ճգնաժամ, որն անհապաղ քննարկման կարիք ունենար, չկա:

Ուստի, նման հանդիպումը, եթե այն տեղի ունենա, լինելու է բարի կամքի դրսևորում: Սակայն, չմոռանանք, որ այսօր առկա են բազմաթիվ այլ, ավելի սուր հարցեր այլ երկրների հետ, որոնք լուծում են պահանջում, ինչի արդյունքում բարի կամքի հանդիպումը կարող է չկայանալ, քանի որ, կրկնում եմ, որևէ ճգնաժամ երկու երկրների հարաբերություններում չկա»:

Այլ պետությունների ղեկավարներ, որոնք իրոք ունեն ԱՄՆ-ի հետ չկարգավորված հարցեր և ցանկանում են հանդիպել նախագահ Թրամփին, կարող են առաջ ընկնել, ընդգծում է Արամ Բախշյանը. «Այս դեպքում, հարցը վերաբերում է այդ հանդիպումը նախապատրաստելու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ունակությանը, քանի որ, սուր խնդիրների բացակայության պայմաններում բարի կամքի հանդիպումն այն հարցը չէ, որով պետք է մտահոգվեն անձամբ երկու պետությունների ղեկավարները»:

Նյու Յորքում սեպտեմբերի 24-ից 28-ն անցկացվելիք ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում անցկացնելու կոչով են դիմել մի քանի տասնյակ կոնգրեսականներ և ԱՄՆ-ի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Արամ Բախշյանի խոսքով սակայն, համաշխարհային ներկա իրավիճակում հնարավոր է, որ առօրյա թեժ խնդիրները թույլ չտան կողմերին բարի կամքի հանդիպում անցկացնել: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ