07 09 2018

Վարչապետ Փաշինյանը կարող է ուժասպառ լինել իր իսկ ստեղծած մի դերասանի թատրոնում․ կարծիք

Վարչապետ Փաշինյանը կարող է ուժասպառ լինել իր իսկ ստեղծած մի դերասանի թատրոնում․ կարծիք

Հիմա մենք կարող ենք կանգնել այնպիսի իրողության առաջ, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հակադրությունը Արևմուտքին այս երկուսին վերջնականապես մղի իրար գիրկը, և նրանք սկսեն իրար միջև եղած հարցերը լուծել՝ Հայաստանի և Սիրիայի պես բուֆերային երկրների հաշվին։ Տարածաշրջանային վերջին զարգացումներին, Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպմանը և Թեհրանում սպասվող՝ Սիրիայի հարցով տարածաշրջանային քննարկումներին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը։

«Ենթադրում եմ, որ շատերդ եք հետաքրքրությամբ սպասում վաղվա Պուտին-Փաշինյան հանդիպմանը ու մտածում, թե ինչ մենք կարող ենք ձեռք բերել կամ կորցնել այդ հանդիպումից։ Թեև ռուսական կողմը արդեն բացահայտ հայտարարեց, որ բազմաթիվ հարցեր են կուտակվել, իրականում կա երկու մեծ հարց, որից տարբեր չափով ածանցյալ են բոլոր մնացած հարցերը՝ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցը, և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը։

Մեծ հաշվով, դա մեկ ընդհանուր հարց է Ռուսաստանի համար՝ ինչպես են կառավարում սեփական շահերը Մերձավոր Արևելքի և Կովկասի բարդ և կոնֆլիկտային տարածաշրջանում։ Հայաստանի համար ևս, դա նույն տարածաշրջանում անվտանգ գոյության հարցն է՝ այսօրվա փաստացի սահմաններում։ Մինչ այդ, այսօր Թեհրանում սպասվում է տարածաշրջանի երեք խոշորագույն խաղացողների առաջնորդների հանդիպումը՝ նվիրված առաջին հերթին Սիրիայում գործողությունների կոորդինացմանը։Ռուսաստանը և Իրանը, որոնք աջակցում են սիրիական կառավարությանը, պատրաստ են անցնել Սիրիայում պրո-արևմտյան և պրո-թուրքական վերջին մեծ անկլավի՝ Իդլիբի նահանգի գրոհին, և արդեն ավարտել են ռազմական նախապատրաստությունները։

Թուրքիան, բնականաբար, եռանդուն ջանքեր է գործադրում խափանելու այդ հարձակումը, և պահպանելու իր ազդեցության այդ բաստիոնը, սակայն զրկված լինելով արևմտյան գործընկերների միարժեք աջակցությունից՝ մենակ է մնացել այս հարցում, և ստիպված է կոմպրոմիսի գնալ մյուս երկուսի հետ։Եթե այս երեք երկրները համատեղ լուծում գտնեն Իդլիբի հարցում, այն կարող է մոդել դառնալ տարածաշրջանում մյուս կոնֆլիկտների պարտադրված լուծման համար՝ դուրս թողելով հավասարումից Արևմուտքի հիմնական խաղացողներին, և առանձնապես հաշվի չնստելով նաև տվյալ կոնֆլիկտի անմիջական մասնակիցների հետ։ Սա Հայաստանի համար բացարձակ նոր իրողություն է և շատ վտանգավոր։

Պատմականորեն Ռուսաստանը և Թուրքիան հիմնականում գտնվել են աշխարհաքաղաքական տարբեր բևեռներում, և Իրանի չեզոքության պայմաններում, հայ քաղաքական միտքը կենտրոնացած է եղել օգտվելու Ռուսաստանի աջակցությունից՝ Թուրքիայի և նրա նախորդ Օսմանյան կայսրության դեմ պայքարում։1920 թվականին սակայն, Ռուսաստանը և Թուրքիան հայտնվեցին նույն աշխարհաքաղաքական բևեռում, մեր դիվանագիտությունը ընդունակ չեղավ մինչև վերջ հաշվարկել դրա հետևանքները, և մենք ծանրագույն պարտություն և տարածքային կորուստներ կրեցինք՝ միաժամանակ պատերազմելով Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի գերակշիռ ուժերի դեմ, և հույս դնելով արևմտյան դաշնակցների վրա, որոնք վճռական պահին որոշեցին խուսափել հանուն աղքատ ու քարքարոտ Հայաստանի ռազմական միջամտություն իրականացնելու։

Հիմա մենք կարող ենք կանգնել նմանատիպ իրողության առաջ, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հակադրությունը Արևմուտքին այս երկուսին վերջնականապես մղի իրար գիրկը, և նրանք սկսեն իրար միջև եղած հարցերը լուծել՝ Հայաստանի և Սիրիայի պես բուֆերային երկրների հաշվին։ 

Վաղվա հայ-ռուսական հանդիպմանը, իմ պատկերացմամբ, հենց այդպիսի փորձ է կատարվելու։ Հայաստանի առաջ վաղուց դրված է Լավրովի պլանը, որը ենթադրում է Արցախի Հանրապետության տարածքների զգալի մասի հանձնում՝ միջանկյալ կարգավիճակի դիմաց։ Այս պլանը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ նա այդ տարածքների վրա վերահսկողություն, և դրանով Ադրբեջանի ու մեր վրա լրացուցիչ ազդեցություն է ստանում, ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ այն անարյուն վերադարձնում է նախորդ պատերազմում իր կորցրած տարածքների զգալի մասը և շանս պահպանում ապագայում ձեռք բերել ավելին, և նույնիսկ ձեռնտու է Թուրքիային, քանի որ դա ներկայացվելու նաև որպես սեփական հաղթանակ։

Այն բացարձակ ձեռնտու չէ, սակայն, մեզ, քանի որ դարձնելու է մեզ խոցելի նոր պատերազմի դեպքում, ուժեղացնելու է մեր կախվածությունը Ռուսաստանից՝ փոխարենը չտալով վերջնական կարգավորման որևէ հիմնավոր երաշխիք։ Այն նաև տեսականորեն ձեռնտու չէ Արևմուտքին, սակայն խնդիրն այն է, թե որքանով է այն կարևորում այս հարցը, և պատրաստ է դրա համար հակադրվել Ռուսաստանին և Թուրքիային, նույնը թերևս վերաբերում է Իրանին։ 

Որպեսզի մենք կարողանանք հրաժարվել Լավրովի պլանից, մենք պետք է կարողանանք ներկայացնել հակամարտության կարգավորման այլընտրանքային մոդել, որը այլ շահագրգիռ խաղացողների՝ առաջին հերթին Արևմուտքի և Իրանի ընդգծված աջակցությունը կստանա, ինչպես նաև Ռուսաստանը համոզված կլինի, որ իր պլանի իրագործումը այլևս իրատեսական չէ՝ Հայաստանը ոչ միայն չի համաձայնվի դրան բանակցությունների սեղանի շուրջ (դա պարզ է), այլև կձախողի այն մարտի դաշտում, իսկ Ռուսաստանի շահերն էլ կարող են արդյունքում լրջորեն վտանգվել, ինչպես դա եղավ 2016 թվականին։

Այստեղ է սակայն, որ մենք բախվում ենք լուրջ խնդիրների՝ Արևմուտքի և Իրանի հետ հարաբերություններում որևէ հստակ նախաձեռնություն չկա, և այդ հարաբերությունները հայտնվել են սպասողական վիճակում։ Մեր բանակը, թեև վերջին երկու տարիներին իրականացրել է վերազինման և դիրքերի ամրապնդման լայնամասշտաբ միջոցառումներ, վերջին ամիսներին ևս հայտնվել է սպասողական վիճակում՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը սառեցված է, նոր ռազմավարական գործընկերներ չեն հայտնվել, սորոսականների կողմից բանակի դեմ տարվող կամպանիան արդեն իսկ բացասական է անդրադարձել սպայական կազմի վրա։

Նույն այս ընթացքում, Ադրբեջանը կարողացել է զգալիորեն ամրապնդել իր դիրքերը՝ Կասպից ծովի հատակի բարենպաստ բաժանման, և իր տարածքով նոր տրանսպորտային նախագծերի նախաձեռնման արդյունքում, և սկսել է ուշքի գալ նավթի գների անկումից առաջացած տնտեսական կոլապսից։ Այս ամենը գաղտնիք չէ, Ռուսաստանի ղեկավարությունը սա շատ լավի գիտի, և վաղը դնելու է մեր դեմ, կողքից էլ իր կուտակած բոլոր դժգոհությունները, օբյեկտիվ ու սուբյեկտիվ։ Իսկ մենք հակադրելու շատ բան չունենք, քանի որ կենտրոնացած ենք «սևերի» և «սպիտակների» պատերազմի վրա, և «սևերի» դեմ պայքարի անվան տակ այնքան ենք թուլացրել պետական կառավարման համակարգը, որ այն ընդունակ չէ իրականացնել արտաքին քաղաքական կամ տնտեսական որևէ մասշտաբային նախաձեռնություն։

Վարչապետ Փաշինյանը փորձում է իր անձնական խարիզմայի և շարժունակության հաշվին փակել այդ բացը, բայց չունենալով իր հետևում պրոֆեսիոնալ աշխատակազմ և հիմնական ազդեցության խմբերի աջակցությունն արտերկրում՝ կարող է ի վերջո ուժասպառ լինել իր իսկ ստեղծած մի դերասանի թատրոնում։ 

Ես կուզենայի սխալվել, ու շատ կուզենայի, որ վաղը վարչապետ Փաշինյանը մեզ ուրախացնի Ռուսաստանի հետ հարաբերություններում կարևոր նպաստավոր զարգացումներով՝ օրինակ հայտարարի, որ Ռուսաստանը պատրաստ է հանդիսանալ խաղաղ կարգավորման երաշխավորը և աջակցել հայ-ադրբեջանական կարգավորման ցանկացած նոր տարբերակի, որի շուրջ կպայմանավորվեն կողմերը։Հակառակ դեպքում, պետք է մտածի, թե ինչ է պետք փոխել երկրի կառավարման համակարգում, որպեսզի գոնե հաջորդ անգամ կարողանա ուրախացնել, առավել ևս որ ժամանակը անսպառ չէ, ու մեր շուրջ աշխարհաքաղաքական  օղակը շարունակում է սեղմվել»,-գրել է Ավետիք Չալաբյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ