Այսօրվա նոր Հայաստանը ինձ հատկապես հիշեցնում է ՀՀՇ-ական հին Հայաստանը: Եվ ո՛չ միայն այն պատճառով, որ իշխանության եկած ՀՀՇ-ն երկար ժամանակ ընդդիմություն էր` կոմունիստներին, դաշնակցությանը, հանրապետականին, ռամկավարներին, հնչակներին, ԱԺՄ-ին, բոլոր ոչ ՀՀՇ-ականերին, իսկ վարչապետ դարձած Փաշինյանը ընդդիմություն է` հանրապետականին, դաշնակցությանը, ԲՀԿ-ին, անգամ` «Ելք»-ի իր երեկվա դաշնակից «Հանրապետություն» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, բոլոր ոչ ՔՊ-ականներին: Նաև ոչ միայն ա՛յն պատճառով, որ այսօր հանրահավաքներում ու դրանց փոխարեն մատուցվող լայֆերով նույն կերպ խաբում ու հիմարեցնում են ժողովրդին, նույնն է Արցախի նկատմաբ վերաբերմունքն ու աշխարհաքաղաքական հայացքը, պետությունն ու տնտեսությունը կառավարելու պատկերացումը: Այլ նաև ա՛յն պատճառով, որ այսօրվա վարչապետը կրկնում է ՀՀՇ-ի կադրային քաղաքականությունը:
ՀՀՇ պատմական VII համագումարում, երբ որոշում կայացվեց` առաջիկա նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջադրելու համար արտահերթ համագումար հրավիրել, գործող նախագահը ծրագրային ելույթ ունեցավ: Ի շարս բազմաթիվ կարևորագույն շեշտադրումների, Լևոն Տեր-Պետրոսյանը նաև մի միտք հնչեցրեց, որն անձամբ ինձ խորապես վիրավորեց: Երկրի ղեկավարը նախ խոստովանեց. երբ մենք իշխանության եկանք` որևէ փորձ չունեինք: Ապա համոզված պնդեց. անցած հինգ տարիներին մենք անհարժեշտ փորձը ձեռք ենք բերել: Համագումարը լուսաբանող իմ հոդվածներից մեկում (1995 դեկտեմբեր 22-25 ՄՏԿ) ուղղակի վրդովմունքս էի հայտնել, որ առանց ժողովրդին տեղյակ պահելու, երկրի ղեկավարը, փաստացիորեն, հինգ տարի ժողովրդի վրա փորձեր է դրել, որ երկիր ղեկավարելու փորձ ձեռք բերի:
Պատկերն ամբողջացնելու և ոմանց հիշեցնելու համար` հավելեմ, որ օրեր անց ՀՅԴ կուսակցության գործունեությունը Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմամբ կասեցվեց, դաշնակցական բոլոր լրատվամիջոցներն արգելվեցին, դաշնակցության ու այլ ընդդիմադիր ուժերի ղեկավարները բանտարկվեցին, իսկ երկու տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Դժվար է կանխատեսել, թե ինչ չափով այսօրվա վարչապետը կշարունակի կրկնել ՀՀՇ-ի քայլերը և որքան դա կտևի: Դատելով մեր ոչ վաղեմի անցյալը մոռացության տալու նրա կողմնակիցների ջանքերից, «դե մի խանգարեք, մարդիկ անփորձ են, թողեք աշխատեն ու փորձ ձեռք բերեն» ու համանման` սոցցանցերում, երթուղայիններում, տաքսիներում, բակերում «հպարտ քաղաքցիների» շրջանառության մեջ դրած ու անվերջ կրկնվող պնդումնեից, հեռանկարն այնքան էլ խոստումնալից չէ:
Ուզենք, թե` չուզենք, համաձայնենք, թե` չհամաձայնենք, կադրերն են որոշում եթե ոչ ամեն ինչ, ապա շատ ու կարևոր բաներ: Ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն իր ամեն ելույթում ինչ-որ ձևով այս միտքն արտահայտել է: Պետական պաշտոնյայի ոչ միայն անօրեն, կոռումպացված, այլ նաև վատ, անարդյունավետ, ապաշնորհ աշխատանքն էր նրա դիպուկ քննադատության թիրախը: Մեզանից յուրաքանչյուրն էլ չի ցանկնա, որ իրեն, իր երեխային ու ծնողին վիրահատի ճարտասան, բայց ստախոս, կաշառառու, անգետ վիրաբույժը, այլ կնախընտրի բանիմացին, հմուտին ու փորձառուին: Ոչ ոք չի ուզում ապրել վատ ճարտարապետի նախագծած ու շինանյութ գողացող շինարարի կառուցած շենքում: Ոչ ոք չի համաձայնի թռչել վատ ինքնաթիռով, նստել վատ վարորդի տաքսին, ուտել վատ խոհարարի պատրաստած կերակուրը: Բա ի՞նչն է բանը, երբ ոմանք մեզ խորհուրդ են տալիս համբերել ու հանդուրժել վատ նախարարին, քաղաքապետ ընտրել որևէ փորձ չունեցող դերասանի: Ի՞նչ է, նախարարի ու քաղաքապետի գործն ավելի հե՞շտ ու անհետևա՞նք է:
Գեորգ Քրիստոֆ Լիխտեմբերգը դեռ XVIII դարակեսին է հարց հղացել. արդյոք զարմանալի չէ՞, որ բարձր տիտղոսները տրվում են առանց քննության, որը պահանջվում է ամեն քաղաքային բժիշկից: Այսօր ամենուր փակցաված աշխատանքի հրավիրող հայտարարություններում էլ հավաքարարից ու վաճառողուհուց անհրաժեշտորեն պահանջում են փորձ ու որոշակի հմտություններ: Փորձը ձեռք է բերվում տքնությամբ և ժամանակի անընդհատ վազքում անվերջ հղկվում է: Ա՛յս միտքն արդեն չորս հարյուր տարի է ապրում և փորձ ձեռք բերելու մղում մտածելու ունակ մարդուն: Իմ ծանոթներից ոմանք պնդում են, թե նախարարի պաշտոն իրենց էլ է առաջարկվել, բայց իրենք խոհեմաբար մերժել են: Չհավատալու հիմքեր չունեմ, բայց չեմ դադարում գուշակել, թե` համաձայնածներն ինչո՞ւ են շտապել ու անհրաժեշտ փորձը ձեռք բերելու համար հարիր չեն համարել գոնե վարչության պետի կամ փոխնախարարի պաշտոնը: Հավանաբար` շտապում են: Այդ դեպքում էլ նոր հարց է առաջանում. շտապում են սխալնե՞ր գործել ու ամեն ինչ կործանե՞լ: Իսկ մենք պետք է համբերե՞նք ու համակերպվե՞նք:
Հետևում եմ նոր վարչապետի առաջադրած քաղաքապետի թեկնածուին ու անընդհատ նույն եզրահանգմանն եմ գալիս. դերասանը որոոշել է կարծիք ու բնավորություն ունենալ, բայց չի կարողանում դրանք յուրացնել: Մտավախություններս, որ հինը ցավալիորեն կրկնվում է ու ոմանց ոչինչ չի սովորեցնում, էլ ավելի սաստկացավ, երբ կարդացի լուրը, թե ևս մեկ դերասան` Հովհաննես Ազոյանն է անդամագրվել այսօրվա վարչապետի ՔՊ կուսակցությանը: Բայց չէ՞ որ հենց նոր վարչապետը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, զավեշտալի էր համարում համընդհանուր հանրապետականացումը: Հիմա գուցե` համընդհանուր քպականացումը նրա համար նույնքան բնականոն է ու ընդունելի, ինչպես նախկինում համընդհանուր հհշականացումն ու հանրապետականացումն էր: Հավանաբար` նոր վարչապետի փրկությունն ու ապավենը հենց «7 ու կես»-ն է լինելու, բայց դրա համար ՔՊ-ին դեռ պետք է անդամագրվեն ևս վեց դերասաններ:
Չեմ համբերում, չեմ համակերպվում, բայց սպասում եմ ...
Գևորգ Հարությունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը