Ստացվել է այնպես, որ Հայաստանում ընդդիմություն այևս չկա: Խոսքը տերմինի մասին է: Բոլոր այն անձինք, լրատվամիջոցներն ու ուժերը, որոնք իշխանության մաս չեն կազմում, ավելին, քննադատաբար են մոտենում իշխանության գործունեությանը, մատնանշում սխալները և տեղավորվում են ըննդիմադիր ձևակերպման մեջ, այժմ պարզապես հակահեղափոխականներ են:
Հակահեղափոխականները, ըստ նոր թավշյա իշխանության, փորձում են տապալել նոր հաստատված ժողովրդական կարգերը, միտինգային իշխանությունը, ուստի պետք է հակահեղափոխականներին տապալել:
Իսկ ի՞նչ նպատակ ուներ հեղափոխությունն ի սկզբանե, ի՞նչն էր ժողովրդի բողոքի տարիներով կուտակված առարկան, որ մի կայծ տալուց հետո ժողովուրդը ոտքի ելավ՝ փողոց փակեց, ճնշում գործադրեց և հրաժարական պահանջեց-ստացավ, այնուհետև պարտադրեց իր վարչապետի թեկնածուին՝ հույսով որ այլևս այդ թեմաները գլուխ չեն բարձրացնի: Այդ պահանջներն էին՝ օրենքի գերակայություն և հավասարությունն անխտիր բոլորի համար, կառավարման թափանցիկություն և ազնվություն ժողովրդի առջև, թայֆայությանը, խնամի-բարեկամների կարիերայի՝ զարտուղի ճանապարհներով սրընթաց աճին վերջ տալ, բանակի և այլ պետական մարմինների գումարների աննպատակ վատնումը դադարեցնել և այլն:
Իրականում երբ սթափ ուսումնասիրում ես վարչապետ Փաշինյանի ելույթները նախկինում և հիմա ու նաև արդյունքը, կառավարության խոստումները, հայտարարություններն ու աշխատանքները, տեսնում ես, որ հեղափոխության դրական տեղաշարժերի միակ խոչընդոտը հենց այսօրվա իշխանությունն է, որը հեղափոխության գաղափարներն օրըստօրե տապալում է՝ ինքն իր համար ստեղծելով պատնեշներ ու փորձելով հաղթահարել դրանք: Շատ կուզենայինք որ այդպես չլիներ, բայց... Մերկապարանոց չթվալու համար բերենք բազմաթիվ օրինակներից ընդամենը մի քանիսը:
1. Նախահեղափոխական միտինգնում «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Ի՞նչ տեսանք մենք. տեսանք կիսավեր ու կիսադատարկ գյուղեր, լքված ու չմշակվող վարելահողեր, աղբի մեջ կորած բնապատկերներ, ավերակ ճանապարհներ, տոկոսի տակ ճռռացող ժողովուրդ…»: Հեղափոխությունը, ըստ ամենայնի, այդ խավարը ցրելու համար էր: Իշխանությունը դեռ որևէ տեսանելի քայլ չի արել կիսադատարկ գյուղերը լցնելու, հողի մշակի մեջ դեպի իր այգին սեր արթնացնելու և մյուսների ուղղությամբ: Ինչ վերաբերում էր աղբին, ապա հատկապես հեղափոխությունից հետո այն գնալով կուտակվում է բազմաթիվ իմաստներով: Տոկոսի տակ ճռալու մասին էլ չասենք: Մեզ կհակադարձեն, որ ընդամենը չնչին, փոքրիկ, կարճ 100 օր է անցել, էս ինչերի՞ց եք խոսում: Բայց նշենք, որ հեղափոխություն իրականացնողները խոսում էին հեղափոխական տեմպերով թռիչքի մասին ու եթե 100 օրում գյուղացին դեռ ամուր չի կպել հողին, գոնե կառավարությունը պետք է այդ ուղղությամբ նկատելի քայլեր անի: Գյուղացին, որ այդ հարցերը բարձրացնում է, ոռոգման ջրի համար փակում կառավարության շենքի մուտքը, նա հակահեղափոխակա՞ն է, թե՞ նրանք են հակահեղափոխական, որ իրենց քայլերով ստիպում են գյուղացուն բահը նետել ու գալ բողոքի:
2. «21-րդ դարում մեր առաջնագծի զինվորի ֆորմայի և այլ պարագաների հարցը հոգում են նրանց ծնողները, որոնք ճռռում են վարկերի տակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը մինչ հեղափոխությունը, իսկ հեղափոխությունից հետո կարգադրեց ծնողներին այլևս բանակը չպահել սնունդով ու հագուստով: Վերջերս բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ նույնկերպ ուղարկում են թե ներքնաշորեր, թե այլ պարագաները (առաջարկում են հարցնել ցանկացած զինվորի ծնողի): Ծնողները դժգոհում են, որ ՊՆ-ն շարունակում է համապատասխան քանակով չապահովել: Մի կարճ ժամանակ անց էլ ՊՆ-ն ստեղծեց ծանրոցների կանոնակարգման հանձնաժողով: Ո՞րն է պատճառը, որ գրեթե բոլոր զինծառայողները հանկարծ բանկային հաշիվ ունեցան, նրանց ինչի՞ն է պետք, եթե պետությունն ապահովում է ամեն ինչով և դրան գումարած՝ ամսական վճար է տալիս:
3. «Ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամական է իրենց նկատմամաբ, ովքեր հիմա ճամպրուկներն են հավաքում, բոլոր գործարարներին, քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են երկրից դուրս գնալու, կապիտալը դուրս տանելու համար, ուզում եմ ասել մի արեք այդ բանը, որովհետև վենդետա չի լինելու, ատելություն չի լինելու»: Սա ևս Նիկոլ Փաշինյանի խոսքերից է:
Ի՞նչ է կատարվում իրականում. Նախկին իշխանության ժամանակ գործարարությամբ զբաղվածներից շատերը դիտվում են որպես պոտենցյալ հանցագործներ կամ կոռուպցիոներներ: ԱԱԾ-ն, ոստիկանության 6-րդ վարչությունն «օրենքի տառին համապատասխան ներխուժում է» տեղական կամ արտասահմանյան կապիտալով աշխատող ընկերություններ, առգրավում փաստաթղթեր, համակարգիչներ, խուզարկում, բռնում ու բաց թողնում՝ մինչ բաց թողնելը ողջ ընթացքը տեսանկարահանելով և անձին ու կազմակերպությանը խայտառակ անելով:
Հայաստանում, երբ տեղեկատվության հիմնական բազան դարձել են «մեր տեղեկություններ»-ը, հիմնավորումը՝ «հանրային լայն շերտերի կարծիք»-ը, այլևս անձի կապիտալը նրա սեփականությունը չէ, ավելին, պարզվեց նաև որ այլևս չկա բանկային գաղտնիք, որը բիզնեսի համար կարևորագույն պայմաններից է: Երկրի վարչապետը կարող է բազմահազար մարդկանց առաջ հայտարարել, թե նրանցից քիչ հեռու գտնվող բանկում բարձրաստիճան պաշտոնյայի եղբայրը 30 մլն դոլար ունի: Ասեմ, որ արդեն անիմաստ է՝ նա տվե՞ց անուն, թե՞ չտվեց: Իսկ մյուսը, որ ևս գումար ունի բանկում, արդեն տեսնում է, որ իր ունեցած դրամական միջոցներից այսօր տեղյակ է իշխանությունը, ուրեմն վաղը տեղյակ կլինի նաև ողջ ժողովուրդը, որը մեծ գումարը, առանց մանրամասների մեջ մտնելու և հասկանալու անմիջապես կդիտարկի կոռուպցիոն տիրույթում: Կրկնենք՝ առանց հասկանալու:
Արդյունքում գործարարը նվազագույն գաղտնիություն ունեցող բանկից իր կապիտալը կտեղափոխի, բայց արդեն՝ ոչ հայաստանյան բանկեր: Բիզնեսի օրենքն է այդպիսին, գումարը գնում է այնտեղ, որտեղ պաշտպանված է: Նշենք, որ գումարի արտահոսքը մայիսին կազմել է 92 մլն 360 հազար դոլար, հունիսին` 76 մլն 20 հազար դոլար: Պատկերացնել կարելի է այստեսակ ելույթներից հետո ինչ կկատարվի:
Հայաստանում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական վենդետայի տարրերի մասին արդեն շատերն են բարձրաձայնում, ինչը ցույց է տալիս, որ այս առումով ևս հետհեղափոխական վիճակը ձախողվում է: Ատելության նման չափաբաժին երբեք չի եղել Հայաստանում, ու դա զգում են բոլորը՝ անկախ նրանից՝ կարողանո՞ւմ են խոստովանել, թե՞՝ ոչ:
4. «Այս օրերին Սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների հանգուցալուծմանը եւ որեւէ կասկած չունեմ, որ ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու, միլիոնավոր հայեր ներգաղթելու են Հայաստան՝ իրենց ու իրենց զավակների ապագան կապելով հայրենիքի հետ»,- ասում է վարչապետ Փաշինյանը: Կարո՞ղ ենք ասել այդ միլիարդավոր ներդրողներից քանիսն են խոստումն իրականացրել, քանի աշխատատեղ են բացել և քանի ներգաղթյալ է եկել: Մանավանդ այս պարագայում կարճ ժամանակին հղում անելը ճիշտ չէ: Հեղափոխական գործընթացներից ոգևորված մեծահարուստ սփյուռքահայը հենց հեղափոխության հաջորդ օրը Հայաստան կգար՝ հաղթած ժողովրդի հետ երկիրը կառուցելու, հենց այդ ժամանակ կբերեր միլիարդների ներդրումները, հենց այդ ժամանակ արտագաղթածները ոգևորված կվերադառնային: Հեղափոխության ալիքի սառեցման արդյունքում դժվար թե դա լինի, մանավանդ որ իրավապահ կառույցները, հակահեղափոխական հովերով տարված, հատուկ գործողություններ են իրականացնում օտարերկրյա կապիտալով աշխատող խոշոր ընկերություններում: 10 օրից ավելի է, ինչ «Վեոլիա ջուր» ընկերությունում են: Ֆրանսիացի ներդրողը ի՞նչ խորհուրդ կտա գործընկերներին, եթե ստուգում են ոչ թե պլանային, օրինակ՝ ՊԵԿ ի կողմից, այլ ոստիկանության 6-րդ վարչության կողմից և նույնիսկ բացատրություն չեն տալիս: Կամ արդյո՞ք ռուս ներդրողը կոգևորվի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերություն դիմակներով ներխուժելուց հետո: Չէ՞ որ ներխուժումը բացահայտ է, արդյունքը՝ գաղտնի, ու ներդրողի մոտ վստահություն է վերանում: Հարց՝ ո՞վ է հիմա այնպես անում որ ներդրումներ չգան:
5. «Ուզում եմ հստակ ընդգծել, որ մենք ոչ միայն չենք պատրաստվում կադրային ջարդ իրականացնել, այլեւ, ընդհակառակը, ցանկանում ենք համախմբված տեսնել պետական կառավարման համակարգում առկա լավագույն ներուժը, մեկտեղել մեր ջանքերը հայրենիքի շենացման եւ հզորացման գործում: Մենք հույս ենք դնում պետական կառավարման համակարգում գործող բոլոր այն պրոֆեսիոնալների վրա, ովքեր իրենց դիրքին ու պաշտոնին հասել են տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ»,- հայտարարում է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը եթե 100 օր առաջ գովելի էր ու ոգևորիչ, այսօրվա պատկերն այլ է: Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, իրականացրել է երբևէ Հայաստանում եղած ամենամեծ կադրային ջարդը՝ ամենակարճ ժամանակահատվածում: Առանց նայելու, ուսումնասիրելու աշխատողի վաստակը, մասնագիտական աստիճանը, հեռացնում են աշխատանքից և նոր, հիմնականում անփորձ կադրերով համալրում թափուր տեղը: Դժգոհ մասնագետ գործազուրկը հակահեղափոխակա՞ն է, թե՞ նրանք են հակահեղափոխական, որ աշխատող համակարգը մղում են դժգոհության՝ փաստացի դարձնելով փորձադաշտ:
6. «Բացառվելու է «մերոնց և ձերոնց» բաժանելու գործընթացը»,- ոստիկանությունում հայտարարում է վարչապետը: Այդ դեպքում ինչո՞ւ են ոստիկանի վրա հարձակվողին ձերբակալում, իսկ նախկին նախագահին պաշտպանող ԱԱԾ աշխատողի վրա տեսախցիկների հայացքի ներքո հարձակման փաստով գործ չի հարուցվում: Ավելին, ոստիկանապետը հայտարարում է, թե այդտեղ օրենքի խախտում չկա: Ստացվում է՝ ոստիկանապետը հակահեղափոխակա՞ն է, որ միտումնավոր նսեմացնում է հայտարարված հավասարության սկզբունքը:
7. Վարչապետը հայտարարում է, որ դատավորներն այլևս անկաշկանդ են, Բաղրամյան 26-ից այլևս պատվեր չի լինելու: Անկեղծ՝ շատ ոգևորիչ մոտեցում էր: Երկու ամիս անց նույն վարչապետը մատ է թափ տալիս դատավորի վրա, որը համարձակվել է վարչապետի կամքին հակառակ վճիռ կայացնել: Ավելին, նա ԱԱԾ-ով է սպառնում այլ կարծիք արտահայտող վերլուծաբաններին: Սա արդարությա՞ն քարոզ է, թե՞ վարչապետի մտքերի, համոզմունքների, հայտարարությունների հակահեղափոխություն:
Այս ողջ հարցերի առկայությունն ու չլուծումը, նախորդիվ այլ բան խոստանալը, բայց հակառակն անելը մարդկանց մոտ հիասթափություն է առաջացնում դեպի հեղափոխության բերելիք դրական սպասումները և ակամա ապացուցում է, որ հակահեղափոխականները, իրականում, օրվա իշխանության կրողներն են, որոնք իրենց՝ նախապես հայտարարածից տրամագծորեն հակառակն են անում:
Իրավիճակը նորից փոխվում է, այժմ, արդեն, այլ ուղությամբ:
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը