20 08 2018

«Ժառանգություն»-ը ոչ կառավարությունում է, ոչ էլ ընդդիմադիր

«Ժառանգություն»-ը ոչ կառավարությունում է, ոչ էլ ընդդիմադիր

Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին 100 օրերը եղել են զգացմունքային և մի փոքր ցուցադրական։ Այս մասին օգոստոսի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ կանցկացվեն։

«Հույս ունեմ կոռուպցիայի դեմ պայքարին զուգահեռ կտեսնենք ավելի հստակ ներքին և արտաքին քաղաքական ուժագծեր, առաջարկներ՝ թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական իմաստով»,–նշեց նա։

Խոսելով 100 օրն ամփոփոխ հանրահավաքին Փաշինյանի ելույթի մասին կուսակցության ղեկավարն ասաց, որ վարչապետը հեռահար տեսապատկեր ներկայացնելու փոխարեն պատասխանում էր քաղաքական և քաղաքացիական տարբեր հոսանքներից ստացած քննադատությանը կամ ռեպլիկներին:

Կուսակցության ղեկավարի խոսքով՝ «Ժառանգության» նիստում կորոշվի, թե ով է գլխավորելու Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակը. «Ժառանգության» դեպքում կլինի վերկուսակցական մոտեցում, ցուցակում կլինեն նաև քաղաքացիական հասարակության անդամներ: Այս պահին ցուցակը գլխավորելու հետ կապված քննարկվում է 3 անուն՝ Արմեն Մարտիրոսյանի, իմ և վարչությունից դուրս 3-րդ անձի անունը»,- ասաց նա, սակայն չմանրամասնեց, թե ով է 3-րդ անձը:

Արձագանքելով հարցին, թե իրենց կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում լինելո՞ւ է ընդդիմադիր, թե՞ իշխանամետ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Երկար տարիներ մենք եղել ենք ընդդիմություն, հիմա ո՛չ կառավարությունում ենք, ո՛չ էլ ընդդիմադիր ենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ