17 08 2018

Ռոբերտ Քոչարյանը՝ իր ունեցվածքի վերաբերյալ խոսակցությունների մասին



«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց իր ունեցվածքի, բիզնեսների վերաբերյալ տարիներ շարունակ շրջանառվող խոսակցություններին:

Մանրամասն՝ տեսանյութում և սղագրության մեջ:

 

- Եթե նստեմ տաքսի այս հարցազրույցից հետո պարտադիր տաքսու վարորդը կհարցնի՝ բա ինչի՞ չհարցրեցիր՝ որտեղի՞ց միլիարդները:

- Հիմա նայեք, թերթերում տպում էին, ինչ-որ խոսակցություններ կար միլիարդների մասին, ապա քիչ թե շատ տնտեսագիտությունից հասկացող մարդը պետք է մտածի, որ 2 ու կես միլիարդ բյուջե ունեցող երկրում չի կարող 4 միլիարդ ունեցվածք ունեցող մարդ լինել: Եվ այդ մեղադրանքները, այդ ենթադրություններն այնքան էին անհեթեհեթ, որ 2-3 անգամ հերքելուց հետո ուղղակի սկսել եմ ուշադրություն չդարձնել, որովհետև տեսնում ես, որ անիմաստ է: Աբսուրդի հավատող մարդուն դժվար է ինչ-որ բանի մեջ համոզել: Բայց նայեք ինչ է կատարվում. այն, ինչ-որ իմ ժամանակ ստեղծվել է կամ սեփականաշնորհվել կամ ինչ-որ դրսի ներդրողներն են եկել մի նախագծի մեջ, բոլոր այդ պրոյեկտները կապում են իմ հետ: Կապում են գիտե՞ք ինչի համար, կապողը չի պատկերացնում, որ կարող է, օրինակ՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը սեփականաշնորհել և փայ չմտնել: Չի պատկերացնում:

- Դուք չունե՞ք էնտեղ մասնաբաժին:

- Իհարկե չունեմ և իշխանությունը լավ գիտի, որ չունեմ: Լավ գիտեն, որ չունեմ և երբեք չեմ ունեցել և չէի կարող ունենալ: Հիմա հասկանո՞ւմ եք, այսպես մտածում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում, որ դա հնարավոր է, որովհետև իրենք անպայման փայ կմտնեին, որովհետև իրենք այդ տեսակ են: Հասկանո՞ւմ եք, այդ մարդիկ, այո, հավատում են: Հիմա այդ ցուցակում, ծանոթ եմ այդ ցուցակին, գրված է, որ 7 բանկի տեր եմ ես Հայաստանում, եթե 7-ը իմը լիներ՝ կմիացնեի՝ մեկ խոշոր բանկ կստեղծեի և գերիշխող դիրք կունենայի այդ ոլորտում: Կապ չունեմ, որևէ այդ բանկերի հետ կապ չունեմ: Ես հիմա դիմում եմ Կենտրոանական բանկի նախագահին՝ հրապարակեք՝ ով են այդ բանկի տերերը, ես կապ ունե՞մ, թե՝ ոչ: Այդ ցուցակում գրված է օդանավակայանի 50 տոկոսն իմն է, կապ չունեմ բացարձակապես: Համոզել եմ Էռնեկյանին, որ վերցնի մեր օդանավակայանը, ի վերջո, խելքի բերի: Հիշո՞ւմ եք՝ ինչ վիճակ էր օդանավակայանում: Հիմա այն, ինչի համար, ինչով ես հպարտ եմ, որ արվել է իմ ժամանակ և այն, ինչ մեր երկրի դեմքն է փոխել, որովհետև 10 տարում երկիրը իրոք փոխվել է՝ տնտեսական առումով, հնարավորությունների առումով, մարդկանց գրպանը փող ընկավ՝ այդ տարիներին ընկավ, այդ ամենը շուռ են տալիս իմ դեմ, հասկանու՞մ եք: Օդանավակայանի հետ ես ի՞նչ կապ ունեմ, ես միակ մարդն էի, որը համոզել է արգենտինացի Էդուարդո Էռնեկյանին օդանավակայանը վերցնել կոնցեսիոն պայմանագրով, լուրջ պարտավորություններով և սարքել միջազգային առաջին կարգի օդանավակայան, և արեց այդ մարդը: Հիմա այս իշխանությունը հնարավորություն ունի հատ-հատ ստուգել, հատ-հատ ստուգել, բայց իրենք գիտե՞ս ոնց են աշխատում, իրենք երբեք չեն ասելու, որ մենք գիտենք, որ Քոչարյանը Քաջարանում չկա, որովհետև ձեռ չի տալիս:

- Հիմա շատերն են ասում, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքներից մեկը հենց ապօրինի հարստացումը պետք է լինի:

- Հիմա այդ հնարավորությունն իշխանությունն ունի, իրենք, ես գիտեմ, որ նաև փորձում են դա ստուգել, մեծ, խորը հիասթափություն են ապրում ամեն մի օբյեկտ ստուգելուց հետո…

- Փորձը կա, այնուամենայնիվ:

- Իհարկե, իհարկե: Ես կարծում եմ, որ դա առաջինը մեյդան կբերեին, քան՝ մարտի 1-ը: Ի դեպ՝ մարտի 1-ի գործը ընդհանրապես կապ չունի 10 զոհերի հետ, ընդհանրապես իմ հետ կապված մարտի 1-ի այդ մեղադրանքը որևէ կապ չունի 10 զոհերի հետ: Իբրև սահմանադրական կարգն եմ տապալել, թե ոնց եմ տապալել, մինչև այսօր չեմ հասկացել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ