Օգոստոսի 14-ը հայոց նորօրյա պատմության մեջ հետագայում կհիշատակվի, որպես բացառիկ օր, որովհետև հենց այդ օրը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու իր կողմնակիցները կատարեցին բացառիկ քաղաքական հայտնագործություն՝ ամբողջ աշխարհին ցույց տվեցին, թե ինչպես պետք է տապալել քաղաքական ընդիմախոսի մամուլի ասուլիսը և միաժամանակ որակել դա իբրև ժողովրդավարության բացառիկ դրսևորում, գրում է Haynews.am-ը:
Իրականում այն, ինչ տեղի ունեցավ նախօրեին Էրեբունի-Պլազա հյուրանոցում գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, անգամ ամենաժողովրդավարական պետությունների քրեական օրենսգրքերում ունի հստակ որակում և սահմանված պատիժ: Բայց մեր օրերի հետհեղափոխական Հայաստանում դա կոչվում է «ինքնաբուխ քաղաքացիական ակցիա»:
Մինչդեռ օգոստոսի 14-ի «ակցիան» ցույց տվեց, թե իրականում որքան անկայուն է քաղաքական հողը Փաշինյանի ոտքեր տակ: Վերաքննիիչ դատարանի վճիռը՝ Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության և նրա հետագա անձեռնամխելիության վերաբերյալ, առաջին լուրջ հարվածն էր գործող վարչապետին:
Պարզվում է, որ անկախ Փաշինյանի ցանկություններից և կոմպլեքսներից, գոյություն ունի օրենք և գործադիր իշխանության ցանկությունը չսպասարկող դատավոր: Հենց Քոչարյանի ասուլիսը տապալելու գռեհիկ ակցիան ցույց տվեց, որ Փաշինյանն ու իր շրջապատը հայտնվել են ցայտնոտի մեջ և տեղի ունեցածին արձագանքելու այլ քայլ չունեին ռեզերվում, քան ամբողջ աշխարհի առաջ այդ խայտառակությունը կազմակերպելը:
Սա է ստեղծված իրավիճակը և ներկայիս սոցիալ-տնտեսական անմխիթար կացության ֆոնի վրա, այն ամենևին նպաստավոր չէ Փաշինյանի համար: Պատահական չէ, որ Քոչարյանի ասուլիսը տապալելու հիստերիկ «ակցիայից» հետո, նա կրկին հայտնվեց համացանցում և սկսեց սեր խոստովանել ժողովրդին՝ արդեն որերորդ անգամ հրավիրելով մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին:
Այսպիսի պահվածքը արդեն իսկ անհանգստության ցուցանիշ է, որովհետև մայիսից հետո առաջին անգամ հողը դողացել է ոտքերի տակ: Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ խորհրդարանում չունի իրական մեծամասնություն: Այդ մեծամասնությունը խիստ հարաբերական է և ինքը նախկինի պես կախված է ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակի միջև առկա հարաբերությունների ու փոխադարձ շահերի թելից:
Օգոստոսի 17-ը որոշակի իմաստով Նիկոլի Ռուբիկոնն է և պետք է ամեն գնով ապահովել այս տարվա ապրիլի 23-ի օրվա համարժեք հանրային զանգված ու ապացուցել, որ ժողովուրդը գոնե առայժմ հավատում է հեղափոխությանը: Չհավաքվե՞ց այդ զանգվածը, օգոստոսի 17-ը կդառնա Փաշինյանի և հեղափոխության վերջի սկիզբը: Ի վերջո նույնիսկ ամենահամբերատար ու ամենամիամիտ հանդիսատեսը հոգնում է անորակ դերասանությունից: Կդիմանա՞ արդյոք «Սկումբրևիչը» առերեսմանը:
Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյան
Նյութն ամբողջությամբ կարդացեք Haynews.am-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը