10 08 2018

Մայիսից սկսած Հայաստանում արտագաղթը կանգնել է. Նիկոլ Փաշինյան

Մայիսից սկսած Հայաստանում արտագաղթը կանգնել է. Նիկոլ Փաշինյան

«Բարեգործության համար գումարներ են մտնում Հայաստան, բայց այդ տրամաբանությունը պետք է փոխել»,- այս մասին օգոստոսի 10-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն ժամանակ վախենում էին այստեղ բիզնես դնել, դրա համար էին այդպես անում, որովհետև մտածում էին, թե իրենց բիզնեսը կխլեն։ Ես ասում եմ՝ այդ Հայաստանն էլ չկա, ես երաշխավորում եմ ներդրումների անվտանգությունը։ Եթե կոռումպացված պայմաններում մարդիկ հաջողության են հասել, ապա հիմա՝ առավել ևս»։

Անդրադառնալով արտագաղթին վարչապետը նշեց, որ մայիսից սկսած Հայաստանում արտագաղթը կանգնել է. «Ավելի շատ մարդ գալիս է Հայաստան, քան՝ հեռանում ։ Մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք, պետք է գնացածներին վերադարձնենք Հայաստան»։

Ըստ նրա՝ իրենք լուծել են մի հարց, որը համարվել է անլուծելի.

«Ինչո՞ւ ավելի քան 20 տարի այդ խնդիրը չէր լուծվում, որովհետև նախորդ 24 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիները մտածում էին, որ քաղաքական փսփոխություն պետք է անի ընդդիմության այս կամ այն լիդերը։ Ամեն անգամ, երբ այդ փոփոխությունը տեղի չէր ունենում, հիասթափվում էին: Դուք հիմա նոր Հայաստանում եք ապրում, որովհետև դուք եք այդպես որոշել։ Պարզ է, որ կառավարությունը շատ բան պետք է անի, և կանի լիարժեք և անմնացորդ »,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ փոփոխությունն այն ժամանակ եղավ, երբ ժողովուրդը հասկացավ, որ հեղափոխությունն ինքը պետք է անի»։

Նրա խոսքով՝ համայնքներում այլևս թալանը չի հանդուրժվելու:

«Ես չեմ ուզում, որ Հայաստանում, հատկապես պաշտոնյաների շրջանում, լարվածության առաջանա, տեռորի մթնոլորտ: Ես ուզում եմ ասեմ, որ ովքեր էս հին տրամաբանությամբ շարունակեն, ստիպված ենք լինելու բռնել, որովհետև մենք չենք կարող հանդուրժել թալանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Աշխատանքային այցի ընթացքում վարչապետը հանդիպել է նաև ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Վարչապետի խոսքով՝ Կառավարությունը պատրաստ է առաջին փուլում 10-15 մլրդ դրամ տրամադրել համայնքներին սուբվենցիաների ծրագրով.

«Այսօր այնպիսի իրավիճակ է, երբ կառավարությունն ունի գումար, սակայն չի կարողանում ծախսել համայնքներում: Պարզվում է, որ համայնքները պատրաստ չեն այդ գումարները ծախսել մի քանի պատճառով: Համայնքները չունեն համապատասխան գումարներ, իրենց կողմից մասնակցություն ունենալու համար,  դրանից բացի՝ շատ դեպքերում չունեն նաև համապատասխան ծրագրեր, այսինքն՝ չկա պատկերացում, թե կոնկրետ ինչ  պետք է անել համայնքի զարգացումը ռելսերի վրա դնելու համար: Եթե ուզում ենք բյուջեն մեծանա, ապա պետք է արդյունավետ օգտագործենք այն:»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ