Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 2008 թվականին տեղի ունեցած հնգօրյա ռուս-վրացական պատերազմի մասին:
Նախկին նախագահը նշել է, որ այդ ժամանակ կողմերի միջև ուժերը խիստ անհավասար են եղել, ինչն էլ դարձել է Վրաստանի պարտության պատճառը:
«Ցավոք, ուժերը խիստ անհավասար էին, և մենք պարտվեցինք, սակայն մենք պահպանեցինք ամենակարևորը՝ արժանապատվությունն ու ինքնահարգանքը։ Մենք ոչ թե հանձնվեցինք թշնամուն, որն էապես ուժեղ էր մեզանից, այլ որքան ուժ ունեինք խփեցինք նրա ատամներին», - գրել է Սաակաշվիլին, ով նաև նշել է իր մի քանի բացթողումները, որոնք կշտկեր, եթե հնարավորություն լիներ ուղղելու 2008-ի սխալները։
«Ես նախապես կվերադարձնեի Իրաքից մեր ամենամարտունակ ստորաբաժանումները։ Երկրորդը՝ ավելի ուժգին կբղավեի ամբողջ աշխարհին, որ համաշխարհային հանրությունը լավ իմանա Ռուսաստանի հարձակվողական բնույթի մասին, թեև վստահ չեմ, որ դա կօգներ», - հայտնել է նա։
Սաակաշվիլին նաև շեշտել է, որ այսօր ևս ոչ մի դեպքում չէր ընտրի ագրեսիան անպատասխան թողնելու տարբերակը։«Ագրեսորը կանգ չի առնի, եթե ժամանակին չհարվածես»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը