05 08 2018

Վերջապես պե՞տք է առնվազն հարցաքննեն Տեր-Պետրոսյանին. Iravunk.com

Վերջապես պե՞տք է առնվազն հարցաքննեն Տեր-Պետրոսյանին. Iravunk.com

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն այսօրվա ասուլիսում նման միտք առաջ քաշեց՝ ինչո՞ւ 2008թ. փետրվարյան օրերին բանակը քաղաքականության մեջ ներքաշելու պատմության մյուս մասնակիցները նստած չեն: Ըստ Սողոմոյանի, նրանց «անունները հայտնի են և տեսագրություն էլ կա, դրանցից մեկը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է»:

Ինչպես հայտնում է Iravunk.com-ը, այս հայտարարության հետ կապված կարելի է հիշեցնել հետևյալ փաստը:  2008թ. փետրվար 20-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հաջորդ օրը հանրահավաքի մասնակիցներին անակնկալը է սպասում: Փետրվարի 21-ի հանրահավաքում իր ելույթում Տեր-Պետրոսյանը ներկայացրեց այդ անակնկալը: Առաջին նախագահի խոսքով` ինքը հանդիպել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ. «Այս պահին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, նրան միացած մի այլ փոխնախարար` գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, ժողովրդի անունից և բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը բանակցություններ են վարում: Բանակցությունների իմաստը հետևալն է, որ բանակի հրամանատարությունը հանձինս Մանվել Գրիգորյանի, Գագիկ Մելքոնյանի` հայտարարում է, որ ( ես լիազորված եմ իրենց հայտարարությունը Ձեզ փոխանցել) իրենք որպես բանակի փոխնախարարներ` կանգնած են ժողովրդի կողքին և պաշտպանելու են ժողովրդի վստահությանը արժանացած թեկնածուին»: Ավելին, նույն հանրահավաքում Տեր-Պետրոսյանը նաև հայտարարեց, որ բանակի այլ ղեկավարներ ևս միանալու են իրենց:

Անգամ այն փաստը, որ Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մանվելի հետ, արդեն իսկ բանակը քաղաքականացնելու փորձ է: Առավել ևս, որ հայտարարության նախօրեին անակնկալ խոստանալով, Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ այդ գործողությունը ծրագրված էր, այսինքն այնպես չէ, որ Մանվելն ինքն իրեն եկավ ու երդում տվեց Տեր-Պետրոսյանին: Իսկ այն, որ երկու փոխնախարաար միացել է Տեր-Պետրոսյանին՝ բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փաստ է: Ընդ որում, տվյալ պահին լինելով զինվորական և քաղաքական գործընթացի մեջ ներքաշվելու համար նույնքան պատասխանատու են նաև նշված երկու փոխնախարարները:

Հիշեցնենք, սա ըստ Տեր-Պետրոսյանի պաշտոնական հայտարարության: Միգուցե նա ստե՞լ է բազմության առաջ՝ իրեն ուժեղ ցույց տալու համար, այդ տարբերակն էլ չբացառենք: Սակայն անկախ ամեն ինչից, առաջին նախագահի հայտարարությունը փաստ է, և այդ հիմքով եթե այս գործով դեռ չի հարցաքննվել Տեր-Պետրոսյանը, նախկին փոխնախարարներ Գրիգորյանն ու Մելքոնյանը, ապա խոստովանենք, որ այս առումով ՀՔԾ-ի պասիվությունն առնվազն տարակուսելի է:

Ի դեպ, սա օրակարգից չի հանում հարցը, թե ինչո՞ւ նաև 1996թ. դեպքերի առնչությամբ բանակը օգտագործելու հարցում Տեր-Պետրոսյանի նկատմամբ գործ չի հարուցվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Iravunk.com-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ