04 08 2018

Գևորգ Պետրոսյանը մանդատը վայր է դնում

Գևորգ Պետրոսյանը մանդատը վայր է դնում

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի ընկերներ…

Երկու օր առաջ Երևանի ավագանու ընտրությունների առթիվ կատարածս հայտարարության կապակցությամբ կրկին անգամ հայտարարում եմ, որ թող որևէ մեկը դա հիմք չընդունի իմ և իմ քաղաքական ղեկավար պարոն Ծառուկյանի փոխհարաբերությունները քննարկման առարկա դարձնելու համար…

Նորից եմ կրկնում՝ Գագիկ Ծառուկյանն իմ ղեկավարն է, իմ սրտացավ բարեկամը, և ես ոչ մի պարագայում նրան ուրանալ չեմ կարող:

Իմ անհամաձայնությունը կապված է անձամբ Նաիրա Զոհրաբյանի հետ, ով իմ կարծիքով, պետք է ձեռնպահ մնար առաջնորդության հաճույքից և չգլխավորեր ցուցակը: Չակերտներ չեմ բացում, թե ինչու…

Միայն ասեմ, որ Ծառուկյանն առաջարկել էր նաև իմ թեկնածությունը, ինչից ես հրաժարվել եմ՝ հաշվի առնելով, որ իմ աշխատուժն առավել պահանջված է օրենսդիր մարմնում: Միշտ էլ այն համոզմունքին եմ եղել, որ պատվախնդիր մարդը չպետք է զբաղվի իր հետ կապ չունեցող գործով…

Եվ ինչ-որ շառլատաններ առիթը բաց չեն թողել՝ վայրահաչելու, թե ես գործել եմ ինչ-որ մարդկանց հետ պայմանավորվածություններով և ական եմ ծառայել՝ ի վնաս Ծառուկյանի:

Մոռացեք, նման բան չկա… Ուղղակի ծիծաղելի մեղադրանք… Կյանքում երբևէ գաղտնի չեմ գործել… Ավելին, քաղաքական համոզմունքներից ելնելով և հասարակական կարծիքը հիմք ընդունելով՝ բացահայտ հակադրվել եմ այնպիսի պաշտոնատար անձանց, որոնցից ոմանք երազում անգամ վախեցել են:

Բայց, որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի, թե ես կառչած եմ մանդատից կամ, որ ես գործում եմ իմ քաղաքական ղեկավարի թիկունքում կամ նրա կամքին հակառակ, ներկայացնում եմ իմ հրաժարականին համաձայնություն տալու դիմումը:

Ինձ համար իմ քաղաքական ղեկավարի կարծիքն ու վստահությունն անհամեմատելի է ցանկացած պաշտոնի կամ մանդատի հետ:

Եթե պարոն Ծառուկյանը հաստատի մանդատս վայր դնելու մտադրությունս, ապա բարոյական նորմերն ինձ այլընտրանքի տեղիք չեն տալիս:

Ծառուկյանը եղել և մնալու է իմ իսկական բարեկամը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ