ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացրել է ջրատարի մաքրման աշխատանքներ, այս մասին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ հանդիպմանը հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարության հարավային զինվորական օկրուգի անձնակազմի կառավարման գծով հրամանատարի տեղակալ Վլադիմիր Ժարովը, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովը և 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը, հայտնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 102-րդ ռազմաբազայի գործունեությանն ու մարզային իշխանությունների հետ գործակցությանն առնչվող հարցեր: Մարզպետը ողջունելով հյուրերին անդրադարձել է աշխատանքային նորմալ մթնոլորտ ապահովելու անհրաժեշտությանը:
«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, մենք պարտավոր են մեր աշխատանքները կազմակերպել փոխըմբռնողության ու գործակցության մթնոլորտում, գործակցությունը առավել առարկայական դարձնելու խնդիր ունենք, որպեսզի որևէ բացթողում ու թերացում աշխատանքներում չունենանք», - ասել է նա:
Ըստ Կարեն Սարուխանյանի, փոխադարձ աշխատանքով պետք է հասնել այն բանի, որ ոչ ազգաբնակչությունը դժգոհելու առիթ ունենա, ոչ էլ ռազմաբազայի գործունեությունը տուժի:
ՌԴ Պաշտպանության նախարարության հարավային զինվորական օկրուգի անձնակազմի կառավարման գծով հրամանատարի տեղակալ Վլադիմիր Ժարովն էլ շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին ջերմ ընդունելության և կառուցողական քննարկման համար:
«Մենք ևս կողմ ենք մեր աշխատանքները առավել առարկայական դարձնելուն, մենք պետք է կարողանանք այնպես գործակցել, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունն այնպես փոխանակել, որ որևէ ուշացում ու թերացում չլինի», - ասել է նա:
Անդրադառնալով «Կամխուտ» հրաձգարանի ցանկապատման` Շիրակի մարզպետի կողմից նախորդ հանդիպմանը բարձրացված խնդրին, ռազմաբազայի ղեկավարությունը տեղեկացրել է, որ այժմ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Ուրախ եմ, որ մեր հանդիպումները արդյունավետ են, դրա վառ օրինակը Շիրակացի փողոցի վրա տեղադրված բետոնյա արգելապատնեշների հեռացումն է: Վստահ եմ, կշարունակենք փոխշահավետ կառուցողական աշխատանք տանել այսուհետ ևս»,-ասել է Կարեն Սարուխանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը