03 08 2018

Քոչարյանի գործը. կա՛մ մեղադրանքը կհանվի, կա՛մ կլրանա վաղեմության ժամկետը. Regnum

Քոչարյանի գործը. կա՛մ մեղադրանքը կհանվի, կա՛մ կլրանա վաղեմության ժամկետը. Regnum

Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման օրից մեկ շաբաթ է անցել: ՀՀ Քրեական օրենսգիրքը չի նշում, թե կոնկրետ ինչ գործողությունների համար է կիրառվում 300.1-ին հոդվածը, և պարզապես վկայակոչում է Սահմանադրությանը: Օգնության հասավ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է 2008 թվականի մարտի մեկին զինված ուժերը ցույցը ցրելու գործին ներգրավելուն արդեն իսկ մտցված արտակարգ դրության դեպքում: Սասուն Խաչատրյանը հավելում է, որ և՛ տվյալ պահին գործող, և՛ ներկայիս Սահմանադրությունն արգելում է արտակարգ իրավիճակներում բանակի օգտագործումը:

«Regnum»-ի հաղորդմամբ՝ ակնհայտ է, որ քննիչները մտադիր չեն հավատալ նախկին նախագահ Քոչարյանի խոսքերին և հատկապես այն հայտարարությանը, որ իրեն ոչինչ հայտնի չէ բանակի մասնակցության մասին, և որ բանակային ստորաբաժանումները զենք չեն օգտագործել և չեն բախվել ցուցարարների հետ: 2008 թվականի փետրվարի 23-ի 0038 հայտնի հրամանի մասին Քոչարյանը, իր պնդմամբ, չգիտեր, և պարտավոր էլ չէր իմանալ, քանի որ Սահմանադրությունը չէր պահանջում նախարարի հրամանի հաստատումը նախագահի կողմից:

Սակայն հարցն այն չէ՝ գիտե՞ր արդյոք Ռոբերտ Քոչարյանը հրամանի մասին, թե՞ ինքն է հրահանգել այն պատրաստել: Հարցն այն է, որ, այո՛, այդ պահին գործող Սահմանադրությունը անմիջականորեն թույլ չէր տալիս բանակի ներգրավումը, սակայն արգելք ևս չի եղել: Սահմանադրությունը պետության ղեկավարին լիազորում էր արտակարգ դրություն մտցնելու իրավունքով, որից էլ օգտվել է Ռոբերտ Քոչարյանը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմը որովում է օրենքով»,- նշվում է Սահմանադրությունում: Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքրականը: 2008 թվականին Հայաստանում չկար մի օրենք, որը կորոշեր արտակարգ դրության իրավական ռեժիմը: Կար 2006 թվականի օրենքը ռազմական դրության մասին և 1998 թվականի օրենքը «Արտակարգ իրավիճակներում բնակչությանը պաշտպանելու մասին»:

Սահմանադրության 117-րդ հոդվածի 6-րդ կետը նախագահին թույլ էր տալիս մինչև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունումը իրականացնել միջոցառումներ՝ թելադրված իրավիճակից: Արդյունքում 2008թ. մարտի մեկին խորհրդարանի հաստատմանը բերվեց արտակարգ դրություն մցնելու մասին հրամանը: Այդ հրամանի 3-րդ կետն արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման գործառույթը լիազորում էր ոստիկանությանը և պաշտպանության նախարարությանը:

Ստացվում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, օրենքի բացակայության պայմաններում, ելնելով իրավիճակից, հրաման է տալիս, քայլեր մշակում այդ հրամանի իրականացումն ապահովելու համար, իսկ 10 տարի անց նրան մեղադրում են, թե նա խախտել է Սահմանադրությունը և Զինված ուժերը ներգրավել քաղաքականության մեջ: Արտակարգ դրության մասին օրենքը, ի դեպ, ընդունվեց ավելի ուշ՝ 2012 թվականին, և, ինչը զարմանալի է, թույլատրում էր Զինված ուժերի օգտագործումը, «երբ արտակարդ դրության պայմաններքում անհնար է լուծել առաջացած խնդիրները ոստիկանության և ազգային անվտանգության ուժերով»:

Ելնելով այս փաստից՝ ՀՔԾ պետի խոսքերը Ռոբերտ Քոչարյանի մեղավորության մասին, մեղմ ասած, ծիծաղելի են: Էլ ավելի ծիծաղելի է բոլոր ուժերով երկրորդ նախագահին անազատության մեջ պահելու ցանկությունը, որպեսզի «բացառեն նրա ազդեցությունը գործընթացի մասնակիցների վրա»: Նույնիսկ եթե նա օրենք է խախտել, նույնիսկ եթե այդ պահին նրա հրամանը և բանակի ներգրավումը քրեորեն պատժելի արարք էր, 2012 թվականին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունմամբ նրա գործողությունները դադարում են հիմք լինել մեղադրանք առաջադրելու համար. չէ՞ որ հայտնի է, որ օրենքը, որը կատարված գործողության հանցավորությունը վերացնում է, մեղմում է պատիժը կամ հանցանք կատարած մարդու դրությունն այլ միջոցներով բարելավում, հակառակ ուժ ունի: Դա միջազգային նորմ է, որն ամրագրված է նաև Հայաստանի Սահմանադրության 72-րդ հոդվածում և Քրեական օրենսգրքում:

Իհարկե, սա քաղաքական պատվեր չէ, հաշիվներ մաքրել չէ, վենդետա և անգամ Ռոբերտ Քոչարյանին մինչև արտահերթ ընտրությունները չեզոքացնելու փորձ էլ չէ: Սա նոր իշխանությունների՝ 2008 թվականի մարտի մեկի ողբերգական իրադարձությունների բոլոր հանգամանքները բացահայտելու ցանկությունն է. չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանը, փորձելով սահմանադրական կարգի հիմքերի սպառնալիքը վերացնել, ինքը, լինելով գործող նախագահ՝ Սահմանադրության կատարման երաշխավորը, տապալել է սահմանադրական կարգը, իսկ հետո, իր լիազորությունների ժամկետի լրացումից հետո, իշխանությունը փոխանցել նորընտիր նախագահին: Մոտավորապես այսպիսին է մեղադրական կողմի դիրքորոշումը:

Հնարավոր է՝ երկու ամսվա ընթացում քննիչները մեղքի նոր ապացույցներ և խափանման միջոցը երկարաձգելու նոր հիմքեր գտնեն: Ժողովուրդը երկրորդ նախագահի դեմ բացասական շատ ինֆորմացիա ունի, իսկ Քրեական օրենսգրքում խճճված հոդվածները բավարար են: Սա քննիչների մասին: Իսկ ինչ վերաբերում է դատական իշխանությանը, ապա այն, թվում է, հավակնում է իշխանության իսկապես անկախ ճյուղ լինել, և դրա համար էլ Քոչարյանի գործում դեռևս ամեն ինչ միանշանակ չէ:

Միաժամանակ խորհրդարանի պատգամավորները ստորագրահավաք են սկսել՝ Ռոբերտ Քոչարյանին ազատելու խնդրանքով: «Քոչարյանի ցանկում» դեռևս 41 անուն կա: Այս ակցիան հազիվ թե ցանկալի արդյունք տա, և Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ կմնա մինչև ժամկետը լրանալը: Այդ ընթացքում Երևանում կանցկացվեն ավագանու ընտրություններ, կընտրվի նոր քաղաքապետ, հնարավոր է, ընդունվեն ընտրական օրենսգրքի փոփոխությունները և նշանակվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, իսկ «մարտի մեկի» գործը սկսի արձակվել:

Հնարավոր է՝ նույնիսկ հայտնաբերվեն անկարգությունների ընթացքում Հայաստանի 10 քաղաքացիների (այդ թվում երկու ոստիկանի) սպանությունների մեղավորները: Իսկ եթե նախագահ Քոչարյանի գործողությունների հետաքննությունը ձգձգվի, ապա այդ ժամանակ, հավանաբար, արդեն հնարավոր կլինի կիրառել հանցագործության վաղեմության ժամկետի լրացման կետը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Regnum գործակալության կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ