Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է:
Դատարանի այս որոշումը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալել՝ ուրախության պատճառով սրտաճաք լինելուց մինչև խոր ափսոսանք՝ կախված քաղաքական դպրոցից, բարոյական կերպարից, հիշողության երկարակեցությունից, սոցիալական դիրքից, ապահով զգալուց, վերլուծական կարողություններից և այլ հանգամանքներից:
Նախ գուշակություններ էին արվում, թե Հայաստան չի վերադառնա՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հնարավոր հիշաչարությունն ու դրանից ելնելով՝ ենթադրությունը, թե անմիջապես է կալանավորման ենթարկվելու:
Թեև Հայաստանում նախկին բարձրագույն պաշտոնյայի պատասխանատվության կանչելու նախադեպ չկար, սակայն աշխարհում տարեկան մեկ տասնյակից ավելի դեպքեր են լինում, երբ գործող կամ նախկին նախագահը հայտնվում է մեղադրյալի աթոռին: Բայց դրանք հիմնականում լինում են կոռուպցիոն մեղադրանքներով, իսկ նախագահներն էլ սովորաբար փախուստի են դիմում և ապաստան են ստանում այլ երկրներում, և հեռակա դատապարտվում: Իսկ Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ, ինչպես նախապես հայտարարել էր, ինչը նրան ճաղերի հետևում տեսնել երազողների համար մեծ անակնկալ էր:
Ի դեպ, ինչո՞ւ աշխարհում նախագահին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք չի առաջադրվում, պարզ պատճառ կա. անգամ Գվատեմալայում, որտեղ նախկին նախագահն արդարադատությունից փախել է արտերկիր, հատուկ քննչական ծառայություններն ունեն բավարար չափով գիտակցական աստիճան՝ հասկանալու համար, որ նախագահը չի կարող տապալել սահմանադրական կարգը, քանի որ սահմանադրական կարգի կրողը հենց ինքն է: Ստացվում է, որ նա տապալում է իրեն՝ Սահմանադրությամբ իրեն տրված իշխանությունը:
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման քաղաքական գնահատականներից զատ շատ կարևոր են իրավական փաստարկները: Սրանք ևս շատ են քննարկվում:
Աղմկահարույց կալանավորումից ի վեր բազմաթիվ իրավաբաններ, հղում անելով ՀՀ սահմանադրությանը, օրենքներին, միջազգային իրավունքի նորմերին, պնդում են, որ թե՛ կալանավորումն է անհիմն, թե՛ մեղադրանքը, թե՛ հարուցված գործն ընդհանրապես: Թողնենք բազմաթիվ պատճառները և անդրադառնանք ընդամենը մեկ՝ գլխավոր կետին:
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու» հոդվածով:
Փորձենք հասկանալ: Բարդ չէ:
Սահմանադրական կարգի տապալում նշանակում է կազմաքանդել գործող սահմանադրական ինստիտուտները և փոխարենը ստեղծել նորը:
Խոսքը գնում է ընդհամենը 10 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին: Գոնե մեր հիշողության մեջ Հայաստանում սահմանադրական ինստիտուտի կազմաքանդման և նորի ստեղծման ականատեսը չենք եղել, 90-ականների սկիզբը, իհարկե, չհաշված:
Համաձայն ԿԸՀ տվյալների՝ առավել քվե ստացած թեկնածուն որպես նախագահ սկսել է պաշտոնավարել, իսկ առավել քիչ ձայն հավաքած թեկնածուն ընդամենը մեկ տարի հետո՝ 2009-ից սկսած, ակտիվորեն համագործակցել է իշխանության հետ: Սահմանադրությամբ բաժանված իշխանության բոլոր ճյուղերը բնականոն ընթացքով շարունակել են գործունեությունը: 2008-ից մեկ տարի առաջ ձևավորված խորհրդարանը շարունակել է գործել ևս 4 տարի՝ մինչև ժամկետի ավարտը, և 2012-ին ընտրվել է նոր խորհրդրան: Նոր խորհրդարան անցել է նույն Կոնգրեսը, որի շարքում՝ այսօրվա վարչապետը: Դրան հաջորդել է ևս մեկ խորհրդարանական հերթական ընտրություն, որի արդյունքում ԱԺ է մտել «Ելք» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ընդ որում՝ ոչ միայն ընդունել են արդյունքները, այլև հայտարարել, որ ոչ մի քվե բաց չեն թողել: ՀԱԿ-ը, արդեն, այդ ընտրությունների արդյունքում դուրս մնաց ԱԺ-ից:
2008 թվականից ընդդիմությունը, այդ թվում՝ ՀԱԿ-ի ու «Ելք»-ի ներկայացուցիչները, բազմիցս Հայաստանի խորհրդարանի անունից արտասահմանյան այցեր են կատարել, հանդիպումներ, ելույթներ են ունեցել Հայաստանի անունից և այլն: Երկիրը շարունակել է ապրել իր խնդիրներով, սակայն բնական հունով և աստիճանաբար թոթափել մարտյան իրադարձությունների արդյունքում ունեցած քաղաքական վնասները: Ու հիմա հանկարծ ի հայտ է գալիս նոր Հայաստանի ՀՔԾ-ն, որն իր ուրույն գնահատականն է տալիս պատմությանը ու խուսափում հարցերի պատասխանից:
Եթե այս տրամաբանությունը շարունակվի և ամրապնդվի, հենց այսօրվա «լիովին բարեփոխվող» արդարադատության համակարգը, դեռևս ժամանակավոր կառավարությունն արդեն անհերքելի փաստեր են տալիս իշխանափոխությունից հետո քրեական պատասխանատվության կանչել իրենց՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:
Փաստենք, որ եթե երկրորդ նախագահի պարագայում դա վիճելի գործ է, որովհետև փաստացի որևէ մեկը չի տեսել կարգերի կազմաքանդում, ապա գործող իշխանության պարագայում՝ հիմնավորված:
15 օր շարունակ պետական ապարատի աշխատանքի կազմալուծումը, ռազմավարական ճանապարհներն ու օբյեկտները շրջափակելը, կրթօջախների փաստացի փակումը, խմբակային ու անհատական գրոհներով պատգամավորներին քվեարկություն պարտադրելը և այս ամենը հրապարակային կազմակերպելը ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգի տապալոււմ:
Չմոռանանք, որ գործադիր ու դատական իշխանությունը փոխվել է գրեթե ամբողջությամբ, իսկ օրենսդիրն էլ կփոխվի մի քանի ամսից:
Եթե Հայաստանի դատական համակարգն իրոք անկախ է, ուրեմն հենց այսօր պետք է քրեական գործ հարուցի նման մեղադրանքով, իսկ եթե այնպես է, ինչպես մինչ այս, ուրեմն դա կարող է արվել իշխանափոխությունից անմիջապես հետո:
Նոր կառավարությունն իր սխալ կադրային քաղաքականությամբ, տնտեսության մեջ անկարող ուժերով, ներդրումային դատարկության արդյունքում երկրի տնտեսությունը սպառնում է նախորդ իշխանության հասցրած անդունդի ծայրից վերջին հրումը կատարել դեպի ներքև: Շուտով կլրանա նոր կառավարության 100 օրը, սակայն քաղաքացու կյանքի մեջ բացի դրական հույսերից, որևէ առարկայական բան չի ավելացել: Պատճառը նաև այն է, որ դեռ չի նշանակվել որևէ կադր, որը կունենա լիարժեք, գործի իսկական պատկերացում:
Փաստորեն, թե արդարադատության, թե քաղաքականության, թե տնտեսության մեջ նոր կառավարությունը ստեղծել է անելանելի վիճակ, իսկ իրեն ժողովրդավար համարող ցանկացած երկրում սա անպայման կստանար նաև իրավական գնահատական:
Ի դեպ, ընդամենը մեկ օր առաջ մեզ շատ մոտիկ՝ մեր հարևան երկրում՝ Իրանում, 29 պաշտոնյա կալանավորվեց «տնտեսության խաթարման» մեղադրանքով:
Նրանց մահապատիժ է սպառնում ...
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը