01 08 2018

Հանրահավաք՝ վարչապետի պաշտոնավարման 100-րդ օրը

Հանրահավաք՝ վարչապետի պաշտոնավարման 100-րդ օրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնել է, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք կանցկացվի:

«Լրանում է իմ վարչապետ ընտրվելու 100 օրը, և ես առաջարկում եմ, որ մենք օգոստոսի 17-ին՝ 18:30-ին՝ Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք հրավիրենք: Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես Ձեզ շատ եմ կարոտել, ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ բացի այդ, ցանկանում է հանրահավաքի միջոցով կարևոր խոսակցություն ունենալ այն մասին, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում, և ինչ է տեղի ունենալու հետո:

«Ամփոփենք՝ ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձև զարգացում ապահովելու համար, և կոնկրետ ինչ քայլերով ենք մենք պատրաստվում առաջիկայում այդ զարգացումն ապահովել, ինչ զարգացումներ, ինչ մարտահրավերներ կան, և ինչպես ենք մենք կարողանալու այդ ամենի հետ գործ ունենալ, այդ բոլոր հնարավորություններն օգտագործել, մարտահրավերները կառավարել, և ընդհանրապես խոսել այսօրվա Հայաստանի, երեկվա և վաղվա Հայաստանի մասին»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրահավաքը չափազանց կարևոր իրադարձություն է, յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարևոր է՝ ապագայի կայուն հիմքերը դնելու համար, և արդեն գործնականում ՀՀ-ի զարգացման մեկնարկը տալու և այն խնդիրների մասին խոսելու համար, որի հետ այս ընթացքում ՀՀ նոր կառավարությունը բախվել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ