«Հրապարակը» գրում է. «Իմ կողմից շատ հարգված, բարեկամության ամուր թելերով իմ ընտանիքի հետ կապված համալսարանական ամբիոնի վարիչ դասընկերս փոքրիկ բանավեճի ժամանակ հարցնում է` դու կողմ չե՞ս, որ մարտի 1-ը բացահայտվի: Չկա, երևի, այնպիսի հայ, որ չուզենա բացահայտված տեսնել այդ գործը, որ չուզենա լսել իսկական մեղավորների անունները: Բայց այն, ինչ այսօր կատարվում է մարտի 1-ն իբր բացահայտելու ուղղությամբ, թույլ է տալիս մտածելու միայն, որ ամեն ինչ արվում է այդ գործն ուռա աղմուկներով պարտակելու համար, որպեսզի վերջում զեկուցեն` տեսա՞ք, խոստացել էինք, կատարեցինք:
Պետք է ընդունել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը, թե նա 2008թ. մարտի 1-2-ին տապալել է սահմանադրական կարգը, հետևանք է առնվազն կանխակալ մոտեցման: Ինչքան էլ ՀԱԿ-ն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունեն ներկայացված մեղադրանքը, դրանում ակնհայտ երևում են հալածանքի տարրերն ու քաղաքական հետապնդումի երանգները, որոնք միով բանիվ մեկ բան են միայն նշանակում` այն, որ Հայաստանում անառողջ գործընթացներ են սկսվում: Իսկ ամենազարմանալին էլ այն է, որ այդ գործընթացները ճանապարհ են գցում ոչ թե կողմնակի, անաչառ մարդիկ, այլ օրվա իշխանությունը և ՀՀ առաջին նախագահը, որոնք 10 տարի շարունակ մարտի 1-ի ոչ թե բացահայտման կողմնակիցը, այլ շահառուն եղան և այն ծառայեցրեցին որպես սեփական քարոզչության հիմք:
Մարտի 1-ի հետաքննության, ուսումնասիրության, մեղավորների հայտնաբերման գործընթացներ մինչ այս էլ եղել են, սակայն նոր իշխանությունը, ինչպես տեսնում ենք, այսօր փորձում է այդ հարցը լուծել մեկ հարվածով` «մեղավորը նա է և վերջ» կացնային սկզբունքով: Սա, անշուշտ մոտեցում չէ` ոչ իրավական և ոչ էլ նույնիսկ քաղաքական առումով: Ըստ էության հաշվեհարդարի յուրօրինակ ավանդույթի սկիզբ է դրվում, ինչը մեզ լավ տեղ չի տանելու:
Ռոբերտ Քոչարյանի առջև ժամանակին պահանջ էր դրվել քաղաքական գնահատական տալ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին: Ընդհանուր համաձայնությամբ դա չարվեց, որովհետև խոսքը ՀՀ առաջին նախագահի մասին էր և դրանով կարող էր սկիզբ դրվել նախորդներին սևացնելու, նրանց հետ հաշվեհարդար տեսնելու տխուր ավանդույթին: Կշեռքի վրա դրեք մարտի 1-ի ընդհարումը, որի բուն մեղավորն ենք բոլորս և Լևոն Տեր-Պետրոսյանի հանցագործությունները, որոնց արդյունքում մի ողջ ժողովուրդ զրկվեց իր սեփականությունից, տարիներ շարունակ դատապարտվեց ապրելու ցրտի ու մթի մեջ, որի անմիջական հրամանով ու մասնակցությամբ արգելվեց առանձին քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների գործունեությունը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը