27 07 2018

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, արդյունաբերական կոոպերացիայի և մաքսային համագործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերի։ Քննարկվել են նաև Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծմանն ու գազի ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված հարցեր:

Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2018 թվականի աշնանը՝ Բելառուսում:

Ներկայացնում ենք մի հատված Նիկոլ Փաշինյանի ելույթից.

«Հարգելի գործընկերներ, վստահ եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը թույլ կտա հետագայում ապահովել Եվրասիական տնտեսական միության մարմինների կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները:

Թվային օրակարգի առաջխաղացումը գերակա է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ ԵԱՏՄ-ի համար: Խիստ օգտակար է անդամ երկրների կուտակած փորձի փոխանակումը պետության գործունեության թվային վերափոխման ոլորտում:

Թվային օրակարգի շրջանակներում մենք պլանավորում ենք 2025թ.-ին հասնել ծառայությունների մատուցման ոլորտում պետական հատվածի ծախսերի կրկնակի կրճատուման, քաղաքացիների կողմից էլեկտրոնային տարբերակով պետական ծառայությունների օգտագործման 80, իսկ բիզնեսի համար՝ 100 տոկոսանոց մակարդակի ապահովուման, բնակչության 80 տոկոսի համար լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը և այլն:

Մեր ուշադրության կենտրոնում են ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերը, այլև փոխգործակցության ավանդական ուղղությունները: Գազի ընդհանուր շուկան նոր լիցք կհաղորդի երկրների միջև տնտեսական համագործակցությանը, կբարձրացնի անդամ երկրների ինտեգրման մակարդակն ու մրցունակությունը, սպառողների գազամատակարարման հուսալիության, հասանելիության ու որակի մակարդակը:

Այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն ԵԱՏՄ արդյունավետության բարձրացմանն ու մեր երկրների հետևողական զարգացմանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ