Հայաստանին մտահոգում են ադրբեջանական սպառազինությունների ձեռքբերման աղբյուրները։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը EADaily-ին տված հարցազրույցում: Նա կոչ է արել հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին խուսափել Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների առանձին տեսակների վաճառքից:
Հարցազրույցի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարն անդրադարձել է ՀՀ պաշտպանության ոլորտի խնդիրներին, ավիացիան զարգացնելու ծրագրերին, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական լարվածության աճին:
«Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ մեծ է բանակցությունների ընթացքում Բաքվի մաքսիմալիստական պահանջների պայմաններում: Ադրբեջանի պահվածքը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Նա նշել է, որ որպես նախապայման՝ հենց ուժի չկիրառումն է դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես և ցանկացած այլ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հայաստանի դիրքորոշման ամբողջ կառուցողականությունը, չեմ ցանկանում, որ ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն խնդրող է: Խորհուրդ եմ տալիս ադրբեջանական կողմին չլինել այդքան վստահ, որ այն վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այսինքն՝ չի լինի այնպես, որ միջնորդներին կհաջողվի հայկական կողմին համոզել դադարեցնել պատասխան պատժիչ գործողություններն Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդի վճռական և մասշտաբային հակազդեցության համար»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Նախարարը անդրադարձել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմական դաշինքին՝ նշելով, որ դաշինքի քաղաքականությունն ուղղված է ընդդեմ Հայաստանի ազգային անվտանգության:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը