«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Միջին սերնդի մարդիկ կհիշեն Խորհդային Միության վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի քմծիծաղ հարուցող արտահայտությունները, որոնցից մեկը կարելի է կիրառել Հայաստանի կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագիրը բնութագրելու համար: «Ինչ կուսակցություն ստեղծում ենք, վերջում ստացվում է ՍՄԿԿ», ասել էր Վիկտոր Չեռնորմիրդինը: Նույնն է նաև մեր երկրի «ժողովրդական» կառավարության ներկայացրած ծրագրերի դեպքում: Ինչի մասին էլ խոսվի դրանցում, միևնույն է, դառնալու է «թավշյա», «սիրո և հանդուրժողականության» կամ «ժողովրդական» հեղափոխության գովք:
Կառավարության նիստում ներկայացրած և որպես չզեկուցվող հարց օրակարգում ընդգրկված 2019-2021 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը բացառություն չէր: Ի դեպ, մի կողմ դնենք այն հանգամանքը, որ նախկինում եռամյա այս ծրագիրը չէր լինում չզեկուցվողների շարքում, մանրամասն քննարկվում էր, բազմիցս քննադատվում, իսկ հիմա, վերջին ամիսների սովորության համաձայն, թաքուն անցկացվում: Դա ևս հասկանալի է: Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը առանձնապես չեն այրվում տնտեսական ծրագրերից խոսել, քանզի դա իրենց ամենախոցելի տեղն է. նրանք պարզապես չգիտեն ինչ խոսեն:
Սակայն դառնանք զուտ տնտեսական այս փաստաթղթին, որը սկսվում է այսպես. «Կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործում, որպես մշտական քաղաքական իրողություն»:
Թե ի՞նչ կապ ունի սա միջնաժամկետ ծախսային ծրագրի հետ, երևի վարչապետն ինքն էլ չգիտի՝ տնտեսության վերաբերյալ նրա ունեցած պատկերացումների մասին արդեն նշեցինք: Սակայն այստեղ ավելի մտահոգիչ միտք է արտահայտվում. պարզվում է, որ «ժողովրդական հեղափոխության արժեքները» կառավարությունը պատրաստվում է ամրագրել «որպես մշտական քաղաքական իրողություն»: Թե այդ ո՞ր «արժեքների» մասին է խոսքը, չի մանրամասնվում: Հետևաբար կարող ենք ենթադրել միայն, որ խոսքը նախկինում հեղափոխականների կողմից գովերգվող երևույթների մասին է:
Մասնավորապես հեղափոխական տրամաբանությամբ ամենամեծ «արժեքը» լեգիտիմ ձևավորված իշխանությունը, որին ճանաչել էր նաև հեղափոխություն իրականացրած քաղաքական ուժը, փողոցի ճնշմամբ տապալելն է: Այսինքն, նախ՝ ստեղծվել է նախադեպ, երբ հետագայում ևս նման վիճակներ կարող են առաջանալ և մեր երկիրը պարբերաբար ցնցել հեղափոխություններով: Երկրորդ՝ իշխանության ձևավորման առումով ընտրությունների միջոցով դա անելու ժողովրդավարական տարբերակը ստորադասվեց «հրապարակի թեկնածուին» շանտաժով և պարտադրանքով վարչապետ նշանակելով:
Շանտաժի և պարտադրանքի մասին: Հեղափոխական մեծագույն «արժեքներից», որը Նիկոլ Փաշինյանը ցանկանում է տեսնել որպես մշտական քաղաքական իրողություն, փաստորեն հակառակ սեփական համոզմունքներին և կամքին պատգամավորներին այս կամ այն կերպ քվեարկել պարտադրելն է: Փողոցներ փակելը, կենդանի մարդկանց համար սև ժապավեններ փողոցներում կապելը, մեքենաների խելահեղ արագությամբ՝ ճանապարհային երթևեկության կանոններն ուղղակի արհամարհելով վարելը, ձայնային ազդանշաններ արձակելը մինչև ուշ գիշերային ժամերը, մարդկանց հանգիստն ու անդորրը խախտելը՝ սրանք այն «արժեքներն» են, որոնք, ըստ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի «հանճարեղ» մտահաղացման, հավանաբար «ապրիլյան հեղափոխության» ցուցահանդեսին կարող են ներկայացվել:
Ինչ վերաբերում է արդեն իշխանություն եղած ժամանակվա «արժեքներին», ապա դրանք էլ քիչ չեն՝ հաշվեհարդարը քաղաքական և ոչ միայն քաղաքական հակառակորդների հետ՝ չնայած վենդետաները բացառելու խոստմանը, «դանոսների» համատարած երևույթը, սկզբունքներին դավաճանած մարդկանց հերոսացնելը, իսկ սկզբունքներին հավատարիմ մնացածներին՝ ազգի դավաճան անվանելը, օրինականության բացահայտ խախտումներով մարդկանց ձերբակալությունները, մեղադրանքներ հարուցելն ու անմեղության կանխավարկածն իսպառ անտեսելը, տնտեսավարողների նկատմամբ ճնշումները՝ ուժային կառույցների միջամտությունը բիզնեսի գործերին, ցինիկ և լկտի պահվածքով, բացարձակապես դիլետանտ նախարարներով, փոխնախարարներով և այլ պաշտոնյաներով պետական համակարգը հեղեղելը և այլն՝ բոլորը թվարկելն ուղղակի անհնար է:
Մեկ այլ հարց էլ է առաջանում, իսկ ի՞նչ պետք է լինի այն մարդկանց հետ, որոնք համաձայն չեն հեղափոխության վերոնշյալ արժեքները որպես մշտական քաղաքական իրողություն տեսնելուն: Հարցն ամենևին էլ հռետորական չէ, եթե նկատի ունենք, որ երկրի առաջին դեմքն է «հակապետական քարոզչություն» բնութագրում լրատվամիջոցի աշխատանքը, նրա կողմնակիցները պարբերաբար կոչ են անում մերժել կամ բոյկոտել այս կամ այն լրատվամիջոցի գործունեությունը: Սա իմիջիայլոց, բայց ոչ հենց այնպես»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը