13 07 2018

Ալիևն Ադրբեջանում իրադարձություններն ահաբեկչություն է որակել

Ալիևն Ադրբեջանում իրադարձություններն ահաբեկչություն է որակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտաքին ուժերին մեղադրել է երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում (Գանձակ), տեղի ունեցած իրադարձությունների կազմակերպման համար: Նա վերջին իրադարձություններն ահաբեկչություն է անվանել՝ ուղղված Ադրբեջանի պետականության դեմ: Ալիևի խոսքով՝ դրանց նպատակն էր հասարակության մեջ լարվածություն առաջացնելն ու վախ տարածելը: Այս մասին հայտնում է Minval.az-ը:

Գյանջայում երկու ոստիկան է սպանվել քաղաքապետի դեմ մահափորձից օրեր անց՝ հուլիսի 10-ին կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ: Իշխանությունները մահափորձի և «ապստամբությունների» համար, որոնց ընթացքում սպանվել են ոստիկանները, մեղադրել են իսլամիստ ծայրահեղականների և ենթադրություն հայտնել, որ նրանց այդ քայլերին դրդել են օտար ուժերը:

«Այդ ահաբեկչություններին ներգրավված բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն: Հենց նման խնդիր է դրված իրավապահ մարմինների առաջ»,- ասել է Ալիևն ուժային մարմինների ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ: «Այդ ահաբեկչություններն իրականացվել են կրոնական կարգախոսների անվան տակ, ինչն Իսլամի դեմ ամենամեծ հանցագործությունն է: Նրանք, ովքեր փորձում են արյունալի հանցագործությունները կապել կրոնին, մահմեդականներ չեն, և նրանք բոլորը կպատժվեն»,- հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է՝ կան ուժեր ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս, որոնք չեն կարող հանգիստ ընդունել իրենց հաջողությունները:

«Նրանք սադրանքներ են իրականացնում և կեղտոտ քարոզարշավներ են տանում մեր դեմ: Մասնավորապես, երկար տարիներ մեր դեմ արևմտյան ԶԼՄ-ների կողմից սևացնող քարոզարշավ էր իրականացվում: Սակայն այդ բոլոր փորձերը անհաջող էին: Այնուհետև մեր դեմ քարոզարշավ էին տանում ՀԿ-ները և իրավապաշտպանները: Ադրբեջանում բազմիցս իրականացվել են հեղաշրջման փորձեր: Բայց ոչ մի ուժ չի կարողանա խարխլել ժողովրդի և կառավարության միջև միասնությունը»,- նշել է Ալիևը:

Ուրբաթ առավոտյան Ադրբեջանի իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում սպանվել է Գյանջա քաղաքում ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Ռաշադ Բոյուկիշիևը: Այսօր առավոտյան նրան ձերբակալելու գործողության ընթացքում Բոյուկիշիևը զինված դիմադրություն է ցույց տվել, ինչի հետևանքով սպանվել է: Հաղորդվում է նաև քաղաքում անկարգությունների մասնակից ևս 10 ձերբակալվածի մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ