12 07 2018

Արդյո՞ք բարոյական պատասխանատվություն չեն կրում այդ մարդիկ. պատգամավորը՝ 2008-ի ընդդիմության մասին

Արդյո՞ք բարոյական պատասխանատվություն չեն կրում այդ մարդիկ. պատգամավորը՝ 2008-ի ընդդիմության մասին

ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մարտիկմեկյան դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովին, ասաց. «Առաջին նախագահին ուղղված իմ հարցը եղել է հետևյալը, որ երբ բարկացած, վրդովված, վիրավորված ժողովուրդն եղել է արդեն Մյասնիկյանի հրապարակում և անհրաժեշտ էր մեկը, որպեսզի ղեկավարեր նրան, դուք ասել էիք, որ էլ ոչ մի զոհ չպահանջվի ինձանից բացի և միակ մարդն էիք, որ կարող էիք գալ և հանգստացնել նրանց, բա դուք չգիտեի՞ք, թե իշխանություններն այդ պարագայում ինչ են անում, ինչո՞ւ քայլեր չձեռնարկեցիք, եթե այդ ժամանակ կար համաձայնություն ընդդիմության մի մասի և ոստիկանության հետ, որ հավաքը տեղափոխեն մեկ այլ վայր: Արդյո՞ք բարոյական պատասխանատվություն չեն կրում այդ մարդիկ: Իսկ ընդդիմության մյուս մասը կոչերով մարդկանց ասաց՝  մնացեք, ամրապնդեք ձեր դիրքերը: Արդյո՞ք բարոյական պատասխանատվություն չեն կրում այդ մարդիկ»,- ասաց Սամվել Նիկոյանը:

Ընդդիմության մյուս մաս ասելով Սամվել Նիկոլյանը, ըստ երևույթին, նկատի ուներ նաև ՀՀ այսօրվա վարչապետին, որը 2008թ. բողոքի ցույցերում ակտիվ դերակատարում ուներ:

Նիկոյանն ասաց, որ մշտապես դիմել է ընդդիմությանը, որ մասնակցեն մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, սակայն նրանք բոյկոտել են. «Ես ասում էի, որ նրանք անմիջապես ականատես են եղել եւ շատ-շատ կարող են օգնել աշխատանքներին, սակայն եթե նրանք դա չեն անում, ապա քաղաքական նպատակներ ունեն»:

Իսկ թե ի՞նչ փոփոխություններն են նպաստել գործի վերաբացմանը, Նիկոյանն ասաց. «Ես ասում եմ հետևյալը` երբ հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտեց, դիմեցինք ԱԺ, երկարաձգվեց գործողությունների` մեր ժամանակահատվածը, դրանից հետո հանձնախումբը առաջարկություն արեց ԱԺ-ին` ստեղծել մոնիտորինգի խումբ, որը պետք է հետևեր բոլոր խնդիրների պարզաբանմանը: Դա հանձնարարվեց ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովին, որըվ որոշակի աշխատանք իրականացնելուց և եզրակացություն ներկայացնելուց հետո դադարեցրեց այդ աշխատանքը»:  

Մարտի 1-ի հանձնաժողովը, ըստ Նիկոյանի, անհրաժեշտություն էր տեսնում պարզելու, որ եթե որևէ երկրում կա փորձագիտական խումբ կամ համապատասխան տեխնոլոգիա, որը կարող է  «Չերյոմուխա»-ի կիրառման նույնականացում իրականացնել, ապա դա կտա ամենակարևոր հարցի պատասխանը՝ ո՞ւմ գործողությունների հետևանքով են զոհեր եղել: «Այսօր կարծես թե այդ հարցը երկրորդ պլան է մղվում, բայց ես դա առաջնային եմ համարում»,- ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ