12 07 2018

Այսպես երկիրը չեն արդիականացնում. «Հայոց աշխարհ»

Այսպես երկիրը չեն արդիականացնում. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Վերջին տասնամյակների բոլոր հաջող արդիականացումներն աշխարհում եղել են համալիր, հասարակական հարաբերությունների ողջ համակարգը խորապես փոփոխող, այդ թվում՝ օրենսդրությունը, սոցիալական և տնտեսական քաղաքականությունը, քաղաքական համակարգը, ֆինանսները, կրթությունը:

Սինգապուրի առաջնորդ Լի Կուան Յուն, որի ղեկավարությամբ իրականացվեց XX դարի ամենատպավորիչ արդիականացումներից մեկը, ոչ միայն համակարգեց արդիականացման քաղաքականության հիմնական սկզբունքներն իր քաղաք-պետությունում, այլև տվեց աշխարհի այլ մասերում՝ Ճապոնիայում և Չինաստանում, Ինդոնեզիայում, Կորեայում, Ֆիլիպիններում ու այլուր արդիականացման հաջողությունների և ձախողումների պատճառների վերլուծությունը։

Լի Կուան Յուն առաջին տեղում է դնում ազնիվ ու արդյունավետ կառավարության գոյությունը, որը «մշտական ջանքեր է գործադրում հասարակական կարգուկանոնի, քաղաքացիների անձնական անվտանգության, տնտեսական ու սոցիալական առաջընթացի և ծաղկման ապահովման համար»: Լի Կուան Յուի, Դեն Սյաոպինի, Չեխիայում և Լեհաստանում Վ.Հավելի և Լ.Վալենսայի դերակատարությունը առանցքային էր իրենց երկրների հաջողության համար։ Ազնիվ և լավատեղյակ կառավարություն. ծեծված է հնչում, բայց շա՞տ երկրներ կարող են պարծենալ դրա գոյությամբ։

Աշխատանքի կայուն ու հարմարավետ պայմաններ բիզնեսի համար։ Գլոբալ տնտեսությունն ու կապիտալի, հումքի և պատրաստի արտադրանքի տեղափոխման հեշտությունը ձեռներեցներին ընտրության լայն հնարավորություն են տալիս իրենց ձեռնարկությունների տեղակայման հարցում։ Կապիտալը կենտրոնացվում է այնտեղ, որտեղ ստեղծված են լավագույն պայմանները, վատթարագույն պայմաններով երկրները ներդրումների պակաս ունեն և հետ են մնում։

Քաղաքական, տնտեսական, ֆինանսական երկարաժամկետ կայունություն։ Խելամիտ մակրոտնտեսական քաղաքականություն, հաշվեկշռված բյուջե, պետական պարտքի և ինֆլյացիայի ցածր մակարդակ։

Սեփականության անշեղ պաշտպանություն՝ ապահովված իրազեկ անկախ դատարանի կողմից։   Ոչ մի բան այնպես չի քայքայում տնտեսական զարգացման հիմքերը, ինչպես սեփականության վերաբաշխումը, սեփականության նկատմամբ գրոհներն ու դրա զավթումը։   Ցածր կամ առնվազն խիստ վերահսկվող կոռուպցիա, իշխանության և բիզնեսի հետևողական տարանջատում։

Լի Կուան Յուի կառավարության համար դա թիվ մեկ գերակայությունն էր։ Այնտեղ, որտեղ կոռուպցիան է թելադրում խաղի կանոնները, զարգացումն ընթանում էր դանդաղ կամ ընդհանրապես դադարում՝ բնակչության համար սոցիալական ու քաղաքական ահռելի կորուստներով։

Ղեկավար կադրերի առաջադրում, ելնելով նրանց արժանիքներից եւ ընդունակություններից (այսպես կոչված, մերիտոկրատիայի՝ արժանավորների իշխանության սկզբունքը)։   Վերոնշյալ հիմնարար բաղադրիչներից բոլորն էլ կամ դրանց ճնշող մեծամասնությունը կիրառվել են XX դարի երկրորդ կեսին իրենց տնտեսական և հասարակական համակարգերը հաջողությամբ արդիականացրած երկրներում։

Ինչպես կարելի է նկատել, հայրենի կառավարության կողմից վարվող քաղաքականությունը որևէ ընդհանուր բան չունի բարեհաջող արդիականացումների միջազգային փորձի հետ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ