Հուլիսի 10-ին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը Արցախում ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և նրա հարակից տարածքում գտնվող արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների շիրմաքարերին, որից հետո իրեն դիմավորելու եկած քաղաքացիների առջև հանդես եկել ելույթով: Սամվել Բաբայանը նախ անդրադարձել է մեկուսարանից դուրս գալուց հետո Արցախ կատարած ուշացած այցին՝ նշելով, որ դրա համար կային հիմնավոր պատճառներ:
‹Ես չեմ եկել հեղափոխություն անելու: Եկել եմ Արցախ նախ և առաջ գիծ քաշելու այն ամենին, ինչ կատարվել է իմ և շրջապատիս դեմ: Այսօր մենք չենք կարող անձնական խնդիրներ լուծելու, իրավիճակը բարդացնելու շռայլություն ունենալ, քանի որ ունենք Ադրբեջանի պես հակառակորդ և լուրջ մարտահրավերներ պաշտպանության ոլորտում: Հանդիպել եմ Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել առաջին հերթին առաջնագծի պաշտպանության, մեր պետության ամրապնդման և անխոցելիության վերաբերյալ հարցեր: Իհարկե, մեր հանդիպման ժամանակ չէի կարող չշոշափել տնտեսական, քաղաքական, ապակենտրոն իշխանություն ունենալու խնդիրները››,- ասել է նա:
Լրագրողների հետ ճեպազրույցում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը նշել է, որ առաջիկա օրերին Ստեփանակերտում գրասենյակ կունենա, որը կհամակարգի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը: Գրասենյակի ղեկավարի պաշտոնում նա բացառել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի և վերջերս անկախ պատգամավոր դարձած Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունները՝ նշելով, որ այդ մասին հասարակությունը կիմանա շուտով: Նա ընդգծել է, որ ինքը մշտապես ժողովրդի կողքին կլինի և իրեն քաղաքական գործընթացներում չի տեսնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը