Այսպիսի ուշադրությունը մեկ անձի նկատմամբ ճիշտ չէ։ Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն բանակ ճանապարհելու մասին։
«Հազարավոր տղաներ են մեկնում ծառայության, ինչի՞ համար է այսպիսի ուշադրությունը մեկ անձի նկատմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն ճանապարհելը շատ գովելի է, սակայն այսքան ուշադրությունը ճիշտ չէ»,–շեշտեց նա։
Նախարարը չբացառեց, որ ուշադրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում պաշտոնյաների որդիները չէին մեկնում ծառայության: Տոնոյանը հայտնեց, որ իր որդին էլ է մի քանի օր անց մեկնելու ծառայության, բայց թույլ չի տա այդպիսի ուշադրություն։
Հարցին, թե նախարարը բացառո՞ւմ է, որ իր պաշտոնավարման ժամանակ պաշտոնյաների որդիները կխուսափեն ծառայությունից, Տոնոյանն ասաց.
«Բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ մեկը կխուսափի ծառայությունից»:
Հարցին,թե ի՞նչ է նախատեսված այն պաշտոնյաների որդիների նկատմամբ, ովքեր արդեն տարկետման իրավունք ունեն, կամ խուսափել են ծառայությունից, Տոնոյանն ասաց, որ որոշակի աշխատանքներ են կատարվում, որպեսզի պարզենք, որ եթե եղել են ինչ-որ խախտումներ, օրենքի սահմաններում վերականգնվի իրենց ծառայելու իրավունքը: Նախարարը նաև նշեց, որ այս զորակոչում կնկատեք, որ զորակոչվողների մեջ կլինի ավելի շատ նախկինում չզորակոչված անձնակազմ: Հարցին, թե նաև նախկին պաշտոնյանների որդիների մասին է խոսքը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց.
«Ես չեմ ուզում կոնկերտ ասել, բայց հնարավոր են նաև խոշոր բիզնեսմենների որդիներ»,-ասաց նա: Սահմանում իրավիճակին անդրադառնալով՝ նախարար Տոնոյանը նշեց, որ վիճակը վերահսկելի է թե՛ Նախիջևանյան, թե՛ Արցախի հյուսիսային ուղղությամբ: Անդրադառնալով ոստիկանական զորքերի՝ սահմանի պաշտպանության գործառույթում ներգրավելու մասին խոսակցություններին՝ պաշտպանության նախարարը նշեց, որ նման հարցի քննարկման անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ մարտական հերթապահության մեջ շատ հետաքրքիր լուծումներ ենք ման գալիս:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը