07 07 2018

Պետք են օրինական արդար ընտրություններ և որքան հնարավոր է՝ շուտ. Ռիչարդ Միլս

Պետք են օրինական արդար ընտրություններ և որքան հնարավոր է՝ շուտ. Ռիչարդ Միլս

Հայաստանի հետ հարաբերությունները միշտ մեծ հետաքրքրություն են ներկայացրել Միացյալ Նահանգների, ԱՄՆ-ի ղեկավարության համար, ակնկալում ենք համագործակցել նոր կառավարության հետ: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նա անդրադարձել է երկու երկրների համագործակցության հեռանկարին, խոսել նաև հայաստանյան ներքին իրավիճակի մասին:

«Կարծում եմ հիմնական ոլորտը, որտեղ մենք կարող ենք աջակցություն ցուցաբերել և որում մեծապես հետաքրքրված են թե՛ Հայաստանի իշխանությունները և թե՛ ԱՄՆ-ում բնակվող Սփյուռքը, մեր երկու երկրների միջև առևտրի և ներդրումների խրախուսումն է: Դա դեսպանությանը իմ առաջնահերթություն էր նախորդ երեք տարիների ընթացքում, նույնիսկ մինչև վերջին իրադարձությունները, և մենք որոշակի հաջողություններ ենք գրանցել: Վերջին 3 տարիների ընթացքում գրանցվել է 600 միլիոն դոլարի ամերիկյան նոր ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ: Վերջին 3 տարիների ընթացքում որպես դեսպան ես բազմիցս եմ լսել թե ամերիկյան գործարարներից և թե հենց Հայաստանի ձեռնարկատերերից, որ առևտրի, գործարարության հիմնական խոչընդոտն էր այն զգացմունքը, որ Հայաստանում չկան հավասար խաղի կանոններ և որ համակարգը ոմանց նկատմամբ մյուսներից ավելի բարենպաստ էր: Այնպես որ, եթե կառավարությունը կարողանա դա հաղթահարել, կարծում եմ, իրական հնարավորություն կա, իրական ապագա ԱՄՆ-ի կողմից խոշոր առևտրի և ներդրումների»,- ասել է դեսպանը:

Ռիչարդ Միլսը խոսել է նաև սպասվող ընտրությունների մասին՝ նշելով, որ երկու կառավարությունների, երկու ժողովուրդների՝ թե հայ ժողովրդի և Հայաստանին սատարող ամերիկացի ժողովրդի համար առաջիկա առավել մեծ իրադարձությունն ընտրություններն են:

«Ինչպես ասել է Հայաստանի վարչապետը, դա իր առաջնահերթություն է: Մենք համակարծիք ենք, որ անհրաժեշտ են օրինական արդար ընտրություններ, և որ դրանք պետք է անցնեն այնքան շուտ, որքան հնարավոր է դրանք պատշաճ կազմակերպել: Դա իրոք առավել կարևոր իրադարձությունն է: Մենք ցանկանում ենք օգնել, աջակցել այդ գործընթացին: Տեղյակ եմ նաև, որ Եվրամիության կազմում Հայաստանի բարեկամները նույնպես ցանկանում են աջակցություն ցուցաբերել, լինի դա նոր ընտրական գործընթացին աջակցության տեսքով, թե Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամրապնդման տեսքով, որը, և դա մենք հրապարակային ենք ասել, ամրապնդվելու կարիքն ունի, որպեսզի կարողանա հետաքննել խախտումների մասին դիմումները: Այսինքն, որ հայ ժողովուրդը վստահի ընտրական գործընթացին: Այնպես որ, մենք կենտրոնացած ենք ընտրությունների վրա, որպես հաջորդ կարևոր քայլի: Ես ուրախ եմ, որ վարչապետը նույնպես դրանց վրա է կենտրոնացած»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ