«Ժողովուրդ» օրաթերթը հարցազրույց է ունեցել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ:
– Պարոն Սողոմոնյան, ՀՔԾ-ն երեկ հետախուզում հայտարարեց ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ և նույնիսկ նրան կալանավորելու որոշում կայացրեց: Նաև հայտարարվեց, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության են հրավիրում «Մարտի 1-ի» գործով: Մեր թերթին ադեն ասել եք, որ Քոչարյանը չի խորշելու պատասխանել քննիչների հարցերին: Բայց ընդհանուր առմամբ` որքա՞ն է այս ամենը անհանգստացնում ձեզ: Չունե՞ք արդյոք որոշակի մտավախություններ այն տեսանկյունից, թե ինչպես կավարտվի այս գործընթացը:
– ՀՔԾ երեկվա հյատարարությունից հետո ստիպված եմ երկու պատասխան տալ Ձեր հարցին: Եթե խոսք է գնում խնդիրները իրավական դաշտում քննարկելու ու լուծելու մասին, ապա չկա Ռոբերտ Քոչարյանի անվան հետ առնչվող որևէ հարց, որը կանհանգստացնի մեզ: Ճիշտ հակառակը. «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ ցանկացած բացահայտման առաջին շահառուն Ռոբերտ Քոչարյանն է լինելու: Հանրահայտ է, որ տարիներ շարունակ այդ թեման շահարկվել է` չունենալով աղերսներ իրականության հետ: Դրա հիմնական նպատակն է եղել սևացնել նախագահ Քոչարյանի կառավարման օրոք արձանագրված բազմաթիվ հաջողությունները, ներկայացնել նրան «ամեն ինչի համար մեղավորի» կարգավիճակում: Ու բնական է, որ այդ թեման փակելու լավագույն միջոցը կամ նոր բացահայտումներն են, կամ էլ համապատասխան փաստերի ի հայտ չգալը` գոյություն չունենալու պատճառով: Այնպես որ, եթե խնդիրները` կրկնում եմ` քննարվում ու լուծվում են իրավական դաշտում, ապա մենք անհանգստանալու ոչինչ չունենք, այլև ուրախ ենք ցանկացած բացահայտմանը:
Հիմա անդրադառնամ երկրորդ տարբերակին:
Երեկվա ՀՔԾ հայտարարությունը «Մարտի 1-ի» գործում իբր նոր բացահայտումների մասին և դրան հետևած մեղադրանքները, ամբողջովին հանում են այս գործով քննությունը օրինականության դաշտից, իսկ ՀՔԾ վերածվում է օրվա իշխանության ձեռքի գործիքի: Բացատրեմ, թե ինչու: Նախ, խնդրո առարկա տեքստը ակնհայտորեն զուրկ է իրավական հիմքերից և իրավապահ մարմնի համար անթույլատրելի ձևակերպումներ է պարունակում: Տպավորություն ունեմ, որ այդ տեքստը գրվել է կամ ինչ-որ կուսակցության գրասենյակում, կամ էլ, օրինակ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրությունում և համապատասխան հրահանգից հետո պարզապես տեղադրվել է ՀՔԾ կայքում:
Պետական ինստիտուտների օրինական որոշումների և օրենսդրության վրա հղումներ կատարելու կամ դրանք հաշվի առնելու փոխարեն, ՀՔԾ-ն ինչ-որ գեղարվեստական ձևակերպումներ է առաջ բերում ու ծանրագույն մեղադրանքներ հնչեցնում:
Մասնավորապես, ԿԸՀ որոշումների վրա հղումներ կատարելու փոխարեն տեքստի հեղինակները հղում են անում սեփական զգացմունքների և զգացողությունների վրա: Ահա այս ամենը, բնականաբար, լուրջ անհանգստության տեղիք է տալիս, անթույլատրելի է, կործանարար է մեր պետության համար և պետք է խստագույնս դատապարտվի:
Ուրախ եմ, որ բամաթիվ մասնագետ-իրավաբաններ արդեն բարձրաձայնում դրա մասին: Չեմ կարող նաև չնշել, որ ըստ էության արատավորվում է Հայաստանի ամենանշանավոր զինվորականներից մեկի անունը, որը շուրջ 26 տարի ծառայել է մեր հայրենիքին:
– Դուք դատական հայց եք ներկայացրել 1in.am կայքի և «Ժամանակ» օրաթերթի դեմ: Մտավախություն չունե՞ք, որ հեղափոխությունից հետո հասարակությունը սա միանշանակ ընկալելու է որպես հարձակում խոսքի ազատության դեմ:
– Կարծում եմ, հասարակությունը պետք է սովորի զատել խոսքի ազատությունը կեղծիք ու անտեղի մեղադրանքներ հրապարակելու արատավոր ազատությունից: Եվ մենք պետք է զատենք այդ երևույթները անկախ այն հանգամանքից, թե ով է տվյալ պահին պետական իշխանության կրողը կամ որն է այդ պահին իշխող կուսակցությունը: Բացի այդ, գոյություն ունի նաև լրագրողական էթիկա, որի մասին Ձեր նշած կայքի ու թերթի ղեկավարը, ըստ ամենայնի չի էլ լսել:
Թեև, ինչ էթիկայի մասին կարող է խոսք գնալ. գործ ունենք մի անձնավորության հետ, ով փաստաթղթերը կեղծելու միջոցով խուսափել է զինվորական ծառայությունից, մեղքն էլ բարդել սեփական մոր վրա:
Սա առաջինը: Երկրորդը: Չկա սեփական պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու այլ օրինական ճանապարհ, քան դատարան դիմելը` համապատասխան հայցով: Եվ այդ ճանապարհին մեզ չի կարող խանգարել ինչ-որ մեկի հիստերիկ, տղամարդուն ոչ այնքան բնորոշ պահվածքը: Մենք հետևողական ենք լինելու: Վստահ եմ, այս ամբողջ գործընթացի արդյունքում շահելու է հենց հասարակությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը