04 07 2018

Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա. ՀՔԾ պետ

Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա. ՀՔԾ պետ

Հուլիսի 4-ին՝ կառավարության նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ Մարտի 1-ի գործով հարցաքննության են կանչվել  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հետախուզում է հայտարարվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ: Նա բացակայում է երկրից: Ի դեպ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում Միքայել Հարությունյանի՝ Հայաստանից բացակայելու վերաբերյալ ասաց. «Միքայել Հարությունյանը երկրից դուրս է եկել այն ժամանակ, երբ դեռևս որևէ քրեական հետապնդում չէր իրականացվում, ԱԱԾ-ն տիրապետում է ողջ իրավիճակին»:

ՀՔԾ պետը հրաժարվեց այլ հարցերի վերաբերյալ մանրամասներ ներկայացնել.«Այս պահին չեմ ցանկանում նախաքննության գաղտնիք հրապարակել ու մեր հետագա քայլերի մասին խոսել: Բոլոր քրեական գործերը, որոնք գտնվում են ՀՔԾ վարույթում, կհրապարակվեն տվյալների այն ծավալով, որոնք չեն վնասի նախաքննությանը»:

Հարցին՝ հարցաքննության հրավիրելու ծանուցագիրն արդյո՞ք հասել է Ռոբերտ Քոչարյանին, Սասուն Խաչատրյանն ասաց. «Մենք այդ ծանուցագիրն ուղարկել ենք»:

ՀՔԾ պետն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա:

Հարցին, թե արդյոք նախկին պաշտոնյաները՝ Ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հրավիրվել են  հարցաքննության, Սասուն Խաչատրյանն ասաց. «Հրավիրվելու են բոլոր այն անձինք, որոնք կարող են որևէ տվյալ հայտնել Մարտի 1-ի գործով։ Որևէ կաշկանդվածություն՝ կապված անունների հետ, զբաղեցրած պաշտոնների հետ չկա»։

Հիշեցնենք՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանի ոչ գրասենյակը, ոչ տունը Մարտի 1-ի գործով հարցաքննության մասնակցելու մասին ծանուցագիր չի ստացել:

«Ճիշտն ասած` չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է այդ թեման (հարցաքննության կանչել-չկանչելու) այդպիսի դրամատիկ երանգներ ձեռք բերել: Եվ ինչո՞ւ եք դա ինչ-որ յուրահատուկ սցենար համարում: Ո՞րն է խնդիրը, ես չեմ հասկանում: Ձեր կարծիքով, եթե անցած տարիներին նախաքննական մամնի մոտ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հարցեր ծագեին, ինքը հրաժարվելո՞ւ էր պատասխաններ տալ: Թե՞ ինքնին հարցաքննվելը ինչ-որ աշխարհացունց իրադարձություն է: Բացարձակապես: Հիշեցնեմ` լինելով ՀՀ գործող նախագահ` Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հոկտեմբերի 27-ի» գործով քննիչին և պատասխանել է նրա հարցերին, ինչն արձանագրված է, և այդ զրույցը կցված է գործին (եթե չեմ սխալվում` նույնիսկ հրապարակված է մամուլում): Հիմա ո՞րն է հարցաքննության փաստի «պատմականացումը»` ես անկեղծ չեմ հասկանում»,- ասել էր Վիկտոր Սողոմոնյանը։  

Հիշեցնենք նաև, որ ՀՔԾ-ն հուլիսի 3-ին հանդես եկավ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ նոր բացահայտումների մասին հայտարարությամբ՝ նշելով, որ որպես մեղադրյալ ներգրավվել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Հայտարարությունը, սակայն, առավելապես քաղաքական բնույթի էր, որի վերաբերյալ Yerevan.Today-ի հիմնավորումը՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ