ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-ի գործով նոր բացահայտում է արել, որը տեղադրված է ծառայության կայքում: Վերնագիրը բավականին սպասված էր, բացահայտումներն՝ էլ ավելի:
Մոտ 100 տող կազմող այդ հայտարարության ամենակարևոր միտքը հետևյալն է. «Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը»: Ամբողջ հաղորդագրությունը կարող եք կարդալ այստեղ:
Իսկ ի՞նչ է պարունակում հայտարարության մնացած մասը. ոչ միայն հիասթափեցնող էր, այլև՝ տարակուսանքի տեղիք տվող: Հաղորդագրությունն ընթերցելու ընթացքում տպավորություն ստացանք, թե այն ոչ թե քննչական մարմնի տարածած պաշտոնական հաղորդագրություն է, այլ ինչ-որ ակտիվիստ չարամտորեն օգտագործում է այդ կառույցի անունը: Բայց մեզ հիասթափություն էր սպասում կայք մտնելով:
ՀՔԾ-ն գրում է. ուշադրություն:
«Պարզվել է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված` ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից»:
Ո՞վ է հասարակության լայն շերտը, ինչո՞վ է այն չափվում, ինչպե՞ս է ՀՔԾ-ն որոշել, որ հասարակության լայն շերտերնն այդչափ ընտրախախտումներ են արձանագրել: ՀՔԾ-ն պետք է խոսի հասարակության լայն շերտերի՞, թե՞ ՀՀ ընտրական իրավունք ունեցող կոնկրետ թվով քաղաքացիների մասին, հիմք ունենալով՝ օրինակ, ԿԸՀ արձանագրությունները, վերջնական տվյալների արձանագրությունը կամ Սահմանադրական դատարանի որոշում կամ որևէ իրավականորեն չափվող հիմք:
Պարզ չի դառնում՝ ՀՔԾ-ն պարզել է ընտրախախտումների չա՞փ, թե՞ պարզել է «հասարակության լայն շերտերի» կարծիքն այդպիսի ընտրախախտումների մասին:
Շարունակենք ընթերցումը. «Ընտրությունների ընթացքում կատարված մեծածավալ խախտումները, որոնք հասարակական կազմակերպությունների, տարբեր իրավապաշտպան կառույցների և քաղաքացիների կողմից վերագրվել են Հանրապետության գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, առաջացրել են հանրության մեծ մասի զայրույթը և 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել են նախագահի մյուս թեկնածուներին սատարող բազմահազար քաղաքացիների զանգվածային հրապարակային խաղաղ միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ»:
Մեծածավալ ընտրախախտումների մասին հայտարարող ՀՔԾ-ն պարտավոր չէ՞ հրապարակել նաև մեծածավալ ընտրախախտումների մասին փաստերը, այլ ոչ՝ հղում անել հասարակական կազմակերպությունների, տարբեր իրավապաշտպան կառույցների և քաղաքացիների տարբեր վերագրումներին: Եվ նման տեքստ գրելուց առաջ արդյո՞ք պարտավոր չէր իրավական ճանապարհով, իրականացնելով օրենքի սահմաններում բոլոր ընթացակարգերը, ներկայացներ անառարկելի փաստեր, որոնք հիմք կհանդիսանային Կենտրոնական ընտրական Հանձնաժողովի՝ ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ արձանագրության ու Սահմանադրական դատարանի վճռի չեղարկմանը:
Հաջորդիվ ՀՔԾ-ն գրում է. «Հասարակության լայն շրջանակներում առաջացող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին...»: Սա ի՞նչ է: Արդյո՞ք «գործող իշխանությունը» հեռախոսի, հեռուստացույցի, տնային այցի միջոցով ՀՔԾ-ին տեղեկացրել է, որ լրջորեն անհանգստացած է «խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավմամբ»: Ի՞նչ է սա, եթե ոչ շարքային ընդդիմադիր գործչի ասուլիսային կամ հանրահավաքային խոսք:
Հաջորդը. «Այսպես` ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք խախտել են 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը»։
Այս նախադասությունը ենթադրում է, որ մյուս պաշտոնատար անձինք բոլոր այն անձինք են, որոնք մեր երկրում համարվում են պաշտոնատար անձ: Համաձայն բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի՝ նրանց թիվը գերազանցում է 500-ը: Եթե հայտարարությունը վերաբերում է կոնկրետ անձանց, ՀՔԾ-ն պարտավոր չէ՞ նշել անունները, եթե ոչ, ստացվում է, որ անկախ գործունեության ոլորտից՝ բոլոր պաշտոնյաները թույլ են տվել խախտում:
Հաջորդը. «2008 թվականի մարտի 1-ի գիշերը՝ լուսաբացից առաջ, Երևան քաղաքի Ազատության հրապարակում ոստիկանական ուժերի կողմից իրականացվել է «տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում, որի ընթացքում բազմահազար խաղաղ ցուցարարներ հեռացվել են հրապարակից և ստիպված հանգրվանել Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում»:
ՀՔԾ-ն այսքան «լայնամասշտաբ ուսումնասիրության» արդյունքում կարո՞ղ էր հայտնել, թե քանի ցուցարար կարող է տեղավորվել Ազատության հրապարակում վրանների տեղադրման պարագայում և արդյո՞ք քննչական մարմինն իրավունք ունի կոնկրետ թվի փոխարեն օգտագործել «բազմահազար» բառը՝ նկատի ունենալով նաև, որ նա խոսում է այս պահին, արդեն, վկաների մասին:
Եվ այլն: Շարունակելու իմաստ կարծում ենք, չկա: Սա կարող է լինել քաղաքական գործչի երկար ու հուզումնալից, ծափողջյուններ բերող ճառ, բայց որպես իրավական փաստաթուղթ, ՀՔԾ-ն ստանում է 2-:
Մի հանգամանք ևս կա, որն ուղակի մեզ ստիպում է կասկածել թե հաղորդագրությունն իրոք գրվել է ՀՔԾ-ում:
Օրենքը պահանջում է պարտադիր ավելացնել. «Ծանուցում. ՀՀ Սահմանդրության 21-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: Այս հաղորդագրության մեջ դա գրված չէր: Չկար նաև ՀՔԾ կայքում: Մնացած բոլոր հաղորդագրություններում, անգամ Նազիկ Ամիրյանի դեպքում, կար: Ցանկացել են ասել, որ վերջնականորեն մեղավո՞ր է, նշված անձը:
Այդ պատճառով էլ մեզ անընդհատ թվում է, թե կարդում ենք քաղաքական գործչի հանրահավաքային ճառի սղագրութունը, դրանից է որ կասկած է առաջանում նաև տեքստի պատրաստման վայրի և հեղինակի՝ իրավական համակարգի հետ կապ ունենալու վերաբերյալ:
Հավելենք, որ եթե մինչ այժմ մենք ուշադիր էինք նորանշանակ, անփորձ ղեկավարների հայտարարություններին և դրանք ներկայացնելով՝ փորձում ենք նրանց հնարավորինս զերծ պահել սխալների կրկնողությունից, ապա այժմ ստիպված ենք հենց ամենափորձված մարմնի համբավ ունեցող հատուկ քնչականին առնել մանրադիտակային ուշադրության տակ:
Ու ստիպված ենք արձանագրել՝ եթե ՀՔԾ-ն անում է քաղաքական հայտարարություն, ուրեմն այս կառույցի՝ մարտի 1-ի մասով հետագա հայտարարություններն ու «բացահայտումները» ևս տեղավորվելու ենք քաղաքական տրամաբանության մեջ, իրենցից բխող հետևանքներով: Իսկ հետևանքները պարզ են, երկիրը հայտնվում է բոլորովին այլ իրավիճակում, որտեղ օրենքը չի առաջնորդում, այլ ցանկությունները, հանրությանը ամեն գնով այսպես ասած «իրենց ուզածը» հրամցնելը: Իսկ սա երկիրը տանում է դեպի...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը