ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 21-ին հանդիպել է ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով կոնսեսուսով ձևավորված խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Աշխատանքային խմբի հետագա աշխատանքների համակարգմանը վերաբերող կազմակերպչական և տեխնիկական մի շարք հարցեր:
Աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունենալու 2018 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Ազգային ժողովում: Որոշվել է, որ մինչև առաջին նիստն Աշխատանքային խմբի անդամները պետք է ներկայացնեն իրենց տեսլականն ընտրական օրենսդրության բարեփոխումների մասին:
Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ցանկացած ընտրություններից հետո միշտ Ընտրական օրենսգիրքը փոփոխման ենթակա է: Միևնույն ժամանակ ըստ նրա՝ ընտրությունների հարցում շտապողականությունը կարող է խանգարել միջազգային մեր իմիջին:
«Հնչում են կարծիքներ, որ մեզ պետք չի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Բայց դրանով մենք 25 տարիների աշխատանքը ջուրը կգցենք: Ամեն ինչ կախված կլինի քննարկումներից, կոնսենսուսից: Ինձ թվում է կլինի այդ կոնսեսուսը»,-ասաց նա՝ հավելելով, որ տեխնիկապես հնարավոր չի համարում, որ ընտրությունները լինեն այս տարի:
Դիտարկմանը, որ բոլոր ուժերը, բացի ՀՀԿ-ից կողմ են, որ վերացվի տարածքային ռեյտինգային համակարգը, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենք դեմ չեն դա քննարկել:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ խոսելով ԸՕ-ից ռեյտինգային ընտրակարգը հանելու մասին, նշեց, որ մտահոգություն կա, որ հնարավոր է մարզային ներկայացվածությունը տուժի, ինչի արդյունքում ունենանք միայն Երևանից ներկայացված խորհրդարան:
«Դրա համար, եթե ընդունվի 100 տոկոս համամասնական ընտրակարգ, պետք է կուսակցությունները բեռն իրենց վրա վերցնեն և այնպես ցուցակները կազմեն, որ մարզերի ներկայացվածություն լինի: Մյուս տարբերակը կարող է համապետական ռեյտինգային լինել, այսինքն, որ անձին քվեարկում են ոչ միայն իր մարզում: Այն ռեյտինգայինը, որը մենք քննադատում ենք, տարածքներին կցված ռեյտինգայինն է»,-ասաց նա:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով կարևոր հարցը մնում է ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը: Ռուստամյանը մանրամասնեց, որ դա ենթադրում է բաց ցանկերով քվեարկություն` ամբողջ հանրապետությունով մեկ:
«Սա ամենաժողովրդավարական ձևն է, այսինքն` ընտրողը ոչ միայն կուսակցություն է ընտրում, այլ նաև այդ ցուցակի մեջ նախասիրություն արտահայտում որևէ անձի նկատմամբ: Այսպես ստացվում է, որ կուսակցությունը չէ, որ որոշում է հերթականությունը, թե ով պետք է անցնի, այլ որոշում է ժողովուրդը, թե մանդատները կուսակցության մեջ ում տրվեն: Սա ամենաժողովրդավարական և տարածված ձևն է»,- պարզաբանեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը