20 06 2018

Ընտրական օրենսգրքի նախնական քննարկումները՝ առանց ՀՀԿ-ի

Ընտրական օրենսգրքի նախնական քննարկումները՝ առանց ՀՀԿ-ի

ՀՀԿ-ն հրաժարվել է մասնակցել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին մինչ ստեղծվող հանձնաժողովի աշխատանքները: Այս մասին հունիսի 20-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Նա նշեց, որ բոլոր խորհդարանական և արտախորհրդարանական ուժերին, ՀԿ-ներին, ազգային փոքրամասնություններին տեղեկացրել են քննարկումների մասին:

«Բացի ՀՀԿ-ից, մնացած բոլորի հետ եղել են քննարկումներ, մտքերի փոխանակում, ներկայացրել ենք, լսել ենք, թե ինչ պատկերացումներ ունենք: Այդ ամենն արել ենք՝ մինչև նախագծում մի տառ անգամ գրելը: ՀՀԿ-ից հրաժարվեցին այդ քննարկումներից, պատճառաբանեցին, որ խորհրդարանում ստեղծվելու է հանձնաժողով: Ամեն դեպքում ես ներկայացրեցի, որ չենք ուզենա սկսել նախագծի հետ աշխատանքը, մինչև բոլորի հետ քննարկելը: Մենք շահագրգռված ենք, որ բոլորը ներգրաված լինեն, բայց իրենց իրավունքն է: Առաջին նախագիծը կպատրաստվի առանց ՀՀԿ-ի»,-ասաց Իոաննիսյանը:

Իոաննիսյանը նաև տեղեկացրեց, որ հիմա նախագծի առաջին տարբերակի վրա են աշխատում, որը քննարկելու է կառավարությունում ձևավորվելիք աշխատանքային խումբը, և դրանում բազմաթիվ կարգավորումներ են լինելու:

«Առաջին հերթին ռեյտինգային ընտրակարգն է վերանայվելու, կարգավորվելու են  ՏԻՄ ընտրությունների հետ կապված որոշակի խնդիրներ, փոխվելու են նախընտրական քարոզչության խաղի կանոնները և հնարավորություն է տրվելու, որ այն կուսակցությունները, որոնք ավելի համեստ միջոցներ ունեն, ևս կարողանան հանրությանը ներկայացնել իրենց գաղափարները, որ շատ ուժեղ դրամապանակների մրցակցության չվերածվի ընտրությունները»,- ասաց նա:

Նշենք, որ Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցություններ հանդես էին եկել հայտարարությամբ, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձևավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով:

ՀՀ ԱԺ խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են`

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն

  1. Արփինե Հովհաննիսյան
  2. Դավիթ Հարությունյան
  3. Վիգեն Սարգսյան

«Ծառուկյան» խմբակցություն

  1. Նաիրա Զոհրաբյան
  2. Սերգեյ Բագրատյան
  3. Գևորգ Պետրոսյան

«Ելք» խմբակցություն

  1. Էդմոն Մարուքյան
  2. Լենա Նազարյան
  3. Գրիգորի Դոխոյան

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն

  1. Արմեն Ռուստամյան
  2. Սպարտակ Սեյրանյան
  3. Լուսինե Հովհաննիսյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ