Հունիսի 13-ին ԱԺ քառօրյայում նաև կառավարություն-խորհրդարան հարցուպատասխան էր, որի ժամանակ կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, Մոսկվա աշխատանքային այցի պատճառով ներկա չէր նիստին:
«Վարչապետի բացակայությունը հասկանալի է, հատկապես` որ այցի ընթացքում կարևոր հանդիպումներ են նախատեսված: Նման բացառիկ դեպքերում վարչապետին պետք է փոխարինի առաջին փոխվարչապետը, սակայն նա նույնպես բացակայում է»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն էլասաց. «Հարցս կցանականայի սկսել «հարգելի' պարոն վարչապետ» բառակապակցությամբ, եթե վարչապետը սահմանսդրական պարտավորությունների կատարման շրջանակում գտնվեր այս դահլիճում:
Հասկանալով հանդիպման կարևորությանը` ուզում եմ դիմել կառավարության և վարչապետի աշխատակազմերին` հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել` գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը»:
Հիշեցնենք, որ 2017թ., երբ դեռ ԱԺ պատգամավոր էր, Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե երկրագնդի որ ծայրում էլ լինի, վարչապետը պարտավոր է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ լինել խորհրդարանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը