Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին ուշ երեկոյան ավելի քան մեկ ժամ «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կուտակային կենսաթոշակային համակարգին՝ նշելով, որ ունեին մի քանի տարբերակ, բայց ընտրել են ամենաարդյունավետ տարբերակը:
Պատասխանելով նշանակումների մասին հարցին՝ ասել է, որ եթե նշանակումները տեղի են ունենում իր ստորագրությամբ, ապա ինքը իհարկե տեղյակ է բոլոր նշանակումներին՝ միևնույն ժամանակ նշելով, որ գիտի, որ որոշ նշանակումներ հարցեր են առաջացնում: Եզրափակելով պատասխանը՝ վարչապետը նշեց, որ որևէ անարդյունավետ պաշտոնյա, ով էլ նա լինի, չի կարող շարունակել իր պաշտոնավարումը:
Ի թիվս այլ հարցերի վարչապետն անդրադարձել է ժամկետանց վարկերին՝ տեղեկացնելով, որ արդեն կա որոշում, ըստ որի՝ ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն։
Քաղաքացիներից մեկը գործադիրի ղեկավարից հետաքրքրվեց, թե արդյոք մեկնարկել են հանքերի ստուգումները:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հին և նոր սահմանադրության անցումային փուլում տեսչական մարմինների կարգավիճակների փոփոխություններ են տեղի ունենում, և այս պահին դեռևս ստուգումները չեն սկսվել, սակայն առաջիկայում դրանք պաշտոնապես կմեկնարկեն:
Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև «Ելք» դաշինքի հետագա գործունեությանը: Նա նշեց, որ դեռևս պարզ չէ դաշինքը միասնական կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Նրա խոսքով այս պահին ընթանում են քննարկումներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը