01 06 2018

Հայաստանի կառավարությունը նոր հաստիքներ է բացում

Հայաստանի կառավարությունը նոր հաստիքներ է բացում

Հայաստանի կառավարությունը հունիսի 1-ի նիստին որոշեց Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից (նստավայրը Լիբանան, ք. Բեյրութ) և Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից (նստավայրը Ղազախստան, ք. Աստանա) ՀՀ ռազմական կցորդի հաստիք բացել:

Համաձայն հիմնավորման, «Համագործակցության ծրագրերի իրականացման արդյունավետությունը անմիջականորեն պայմանավորված է լինում համապատասխան պաշտոնատար անձանց հետ օպերատիվ կերպով կապվելու և որոշակի միջոցառումներին նրանց անմիջական մասնակցությունն ապահովելու հանգամանքով: Այս դեպքում է, որ անհրաժեշտություն է առաջանում այն երկրներում, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է ռազմական համագործակցություն, ունենալ համապատասխան պաշտոնատար անձ` ռազմական կցորդ»:

Լիբանանի Հանրապետություն.

Վերջին տարիներին Միջին Արևելքում ընթացող ռազմական և ռազմաքաղաքական թեժ զարգացումներով պայմանավորված, ինչպես նաև Միջին Արևելքի տարածաշրջանային որևէ երկրում ռազմական կցորդության բացակայությամբ պայմանավորված ՀՀ ռազմական կցորդության հիմնումը Լիբանանում նախատեսվել էր դեռևս 2015 թվականից: Ռազմական կցորդի բացակայությունը հանգեցնում է նաև պետական կարևորության ռազմաքաղաքական բնույթի տեղեկատվության սղությանը:

Հիշյալ խնդրի կարգավորումը համարվում է խիստ անհրաժեշտ` տարածաշրջանի խաղաղապահ գործողություններին հայկական կողմի մասնակցությունը, ինչպես նաև Լիբանան գործուղված ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախմբի համապատասխան ընթացակարգերը կարգավորելու առումով:

Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջազգային տարբեր ձևաչափերով կայունության հաստատման բարձրացնում է Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հեղինակությունը: Այսպիսով, Լիբանանի կայունությունը և այնտեղ գտնվող լիբանանահայության անվտանգության բավարար մակարդակի պահպանումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից:

Ղազախստանի Հանրապետություն.

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանալով ԱՊՀ և ՀԱՊԿ լիարժեք և գործող անդամ վերջին ժամանակահատվածում տարեկան պլաններով ամրագրված առավել սերտ ու ընդլայնված երկկողմ ռազմական համագործակցություն է իրականացնում Ղազախստանի հետ:

Ռազմական համագործակցության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում, 2012թ. հունիսի 5-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ մտնել 2016 թվականի հոկտեմբերի 28-ին: Հարկ է նշել, որ սկսած 2012թ. ՀՀ-ում հավատարմագրված է Ղազախստանի Հանրապետության ռազմական կցորդը: Հատկանշական է, միջին-ասիական տարածաշրջանում ՀՀ ռազմական կցորդության բացակայության խնդրի լուծումը նույնպես համարվում է խիստ անհրաժեշտ, քանի որ հետխորհրդային երկրների հետ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության վերլուծությունը թույլ է տալիս ենթադրելու, որ պաշտոնական Անկարան, Ղազախստանի և Ադրբեջանի առաջնորդների աջակցությամբ, էականորեն կակտիվացնի իր պանթուրքիզմի քաղաքականությունը (Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ադրբեջան) սեփական իշխանության տարածման համար նշված պետությունների հետ հարաբերությունների հաստատման գործում:

Վերոհիշյալի համատեքստում, հարկ է նշել, որ Ղազախստանը Հայաստանի առջև ՀԱՊԿ շրջանակներում ռազմական պարտավորություններ ունի, ուստի մտահոգություն է առաջացնում, այն հանգամանքը, երբ ռազմատեխնիկական համագործակցություն է զարգանում պատերազմող կողմերից մեկի հետ, հետևաբար Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդության հիմնումը, նույնպես խիստ անհրաժեշտ է համարվում նշված երկրների կողմից Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական ու այլ ոլորտներում իրականացվող համագործակցության աստիճանին ու դինամիկային առավել օպերատիվ հետևելու, ինչպես նաև ամբողջական, իրական ու կանխարգելիչ տեղեկատվությանը ժամանակին իրազեկված լինելու նպատակով:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարում “Լիբանանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություններին կից ռազմական կցորդների հաստիքներ ստեղծելու մասին” ՀՀ կառավարության որոշման ընդունումը, քանի որ այն մի կողմից կբարձրացնի նշված երկրների հետ միջազգային ռազմական համագործակցության արդյունավետությունը, մյուս կողմից էլ կնպաստի նշված երկրների հետ համագործակցության գործընթացում ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացմանը:

Նշված հաստիքների բացակայությունը չի ապահովում Լիբանանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության հետ իրականացվող միջազգային ռազմական համագործակցության արդյունավետ, օպերատիվ կազմակերպումը, ինչպես նաև աշխատանքների կոորդինացումը: Ռազմական կցորդները դեսպանընկալ պետություններում բոլոր օրինական միջոցներով հավաքում են ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական տեղեկություններ, ներկայացնում այդ ոլորտներում համագործակցելու վերաբերյալ առաջարկություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ