Կհորդորեի ոչ թե սպասել, որ կառավարությունը ձախողվի, որ տեսնենք, թե ով է պատասխանատու, այլ աջակցենք, որ չձախողվի: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Բոլորս պատասխանատու ենք նախ մեր ներկայացրած թեկնածուների համար, երկրորդը՝ կառավարության գործունեության համար: Նախ ձախողում չի էլ լինելու, հետո էլ եթե անգամ ձախողվի, դա կլինի ՀՀ ձախողում: Եթե մեկը սպասում է, որ կառավարությունը ձախողվի ինչ-որ մարդիկ ուրախանան, դա կլինի Հայաստանի ձախողումը»,- նշեց Մարուքյանը: Խոսելով ԸՕ օրենսգրքի փոփոխության շուրջ տարվող քննարկումներին՝ պատգամավորը նշեց, որ առաջնային հարցը, որ թիրախավորում են, ռեյտինգային համակարգի վերացումն է: Ըստ նրա` կան նաև ընտրողների ցուցակի հետ կապված խնդիրներ, ընտրողների նույնականացման համակարգի ներդրման անհրաժեշտություն կա:
Խոսելով արտահերթ ընտրություններն աշնանն անցկացնելու մասին՝ նա ասաց, որ Ընտրական օրենսգրքի ընդունման համար լայն կոնսոլիդացիա է պետք, որից հետո կարելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին։
Մարուքյանը նաև անհրաժեշտ է համարում «Կուսակցությունների մասին օրենքի» վերանայումը, ինչն ավելի թափանցիկ կդարձնի կուսակցությունների ֆինանսավորման հարցը: «Պետք է պարզ լինի, թե որտեղից են սնվում կուսակցությունները։ Դրանց ֆինանսավորումը չպիտի ստվերային լինի, և միայն իշխանական կուսակցությունները չպետք է ֆինանսավորվեն»,- ասաց նա։
Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե քաղաքական հետապնդումներ են իրականացվում ՀՀԿ հանդեպ:
«Ես չեմ տեսնում այս պահին այդպիսի մարդ, ով ենթարկվում է քաղաքական հետապնդման: Աշոտյանի կողմից ներկայացվող նորմերը մենք տեսել ենք, օգտվել ենք դատական համակարգից: Որևէ բան չի խանգարում նրան հավաքել սահմանված քանակով ստորագրություններ և դիմել Սահմանադրական դատարան: Աշոտայնը կարող է դիմել ՄԻՊ-ին, Արթուր Սաքունցին, կամ Ավետիք Իշխանյանին, կան այլ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությոններ: Ես ինքս պատրաստ եմ նրան օգնել այս հարցում»,- ասաց նա, ապա հավելեց, որ քաղաքական հայտարարություններ են արվում և դա ներկայացվում է որպես հետապնդում:
Ըստ պատգամավորի, նույնը վերաբերում է նաև Միհրան Պողոսյանի օգնականի կալանավորմանը: Վերջինս դա որակել էր որպես վենդետա: Մինչդեռ Մարուքյանի խոսքով դա անձնավորված չէ, բոլորը օրենքի առջև հավասար են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը