ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբորը՝ Սարգիս Հակոբյանին, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ-ի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Նախնական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ 2018թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Այվազովսկի 29 հասցեի դիմաց մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով, այդ թվում՝ որպես զենք օգտագործված մահակի գործադրմամբ։ Պարզվել է խուլիգանությանը մասնակցություն ունեցած 4 անձի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն՝ որպես զենք օգտագործվող մահակի գործադրմամբ։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Եվս երեք կասկածյալ հրավիրվել է բաժին, սակայն չեն ներկայացել և քննիչը նրանց ձերբակալելու որոշում է կայացրել, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության բաժնին։ Բացի այդ, որոշումներ են կայացվել նրանց որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ. նրանցից՝ Գ.Ազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով, Ս. Բաղդասարյանին եւ Վ. Մխիթարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Նշենք նաև, որ միջնորդություն է ներկայացվել ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օգնականին՝ Անդրանիկ Իսոյանին, կալանավորելու կալանավորելու համար:
Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Անդրանիկ Իսոյանին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևանի բնակիչ Ա.Իսոյանն է՝ ծնված 1988թ.։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը