Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին ստացավ պատգամավորական մանդատ՝ համալրելով «Ելք» խմբակցության շարքերը:
Մայիսի 22-ին պատգամավորի երդում տվեց, իսկ օրվա վերջում ֆեյսբուքյան էջում հայտարարեց, թե վայր է դնում պատգամավորի մանդատը:
«ԱԺ նիստից հետո դիմում եմ ներկայացրել ղեկավարությանը՝ իմ լիազորությունները դադարեցնելու մասին: Օրենքով սահմանված կարգով, այն պարագայում, երբ որևէ անձ, ավագանու անդամ լինելով, ընտրվել է պատգամավոր, հնարավորություն է ստանում 7 օրում ընտրել մանդատներից որևէ մեկը: Ես կարող էի դա անել նույնիսկ վաղը, բայց ես դա արել եմ այսօր, ինչի մասին գրավոր տեղեկացրել եմ նաև Երևանի քաղաքապետարանին: Արել եմ այս քայլը հանուն Երևանի, հանուն այն աղավաղված շենքերի, հանուն սեփականաշնորհված մանկապարտեզների, նկուղների, հատված ծառերի, հանուն նրա, որ կանանց նկատմամբ բռնություն քաղաքապետարանում, թե մեկ այլ տեղ, չպետք է լինի:
Ես արել եմ դա հանուն սիրուն, ազատ Երևանի»,- նշել է նա: Մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե կուսակցությունը որոշի իր վրա դնել քաղաքապետ դառնալու պատասխանատվություն, ինքը միգուցե համաձայնի:
Այս օրերին, երբ Երևանում բողոքի ցույցեր են՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով, Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջը լի է նրան քաղաքապետ ընտրելու կոչերով:
Նշենք, սակայն, որ Ալեն Սիմոնյանը, պատգամավորի մանդատը վայր դնելու մասին հայտարարությունից հետո, մասնակցում է խորհրդարանի նիստին, ինչն օրենքով արգելված չէ: Պատգամավորը, համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի, երկշաբաթյա ժամկետում կարող է հետ վերցնել դիմումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը