Երբ հրաժարական ներկայացնեմ, բարձրաձայն կհրապարակվի: Այս մասին մայիսի 16-ին ԿԸՀ-ում լրագրողներին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` պատասխանելով իր` հնարավոր հրաժարականի վերաբերյալ հարցին:
«Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զբաղված է ՏԻՄ ընտրությունների կազմակերպմամբ»,- հավելեց նա` չցանկանալով կարծիք հայտնել երկրում քաղաքական իրավիճակի փոփոխման վերաբերյալ:
Հարցին` հանձնարարական ստացե՞լ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը նախապատրաստվելու մասին, Մուկուչյանը պատասխանեց` ոչ: Միևնույն ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այս փուլում համարում է այն լրջագույն ծանրաբեռնվածություն։
«Արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը բացառապես որոշում են քաղաքական ուժերը և այդ ընթացակարգերը առնչություն չունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ։ Իսկ տեխնիկական, կազմակերպչական առումով Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին է նաև խոսվում, նախ պետք է պատկերացնել՝ ինչ ծավալի փոփոխություն է արվելու և ինչ ինստիտուտների կվերաբերեն։
Ինչ վերաբերում է ընտրական գործընթացի կազմակերպմանը, ապա արտահերթի համար սահմանված է 30–45 օրյա ժամկետ, ինչը խիստ կարճ ժամկետ է, որի ընթացքում բնական է, որ այդ ծավալի աշխատանքի համար ահռելի ծանրաբեռնվածություն է»,–մանրամասնեց Տիգրան Մուկուչյանը։
Մուկուչյանը նաև ընդգծեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտություն կա, մասնավորապես, կան դրույթներ, որոնք կատարելագործման կարիք ունեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը