ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել Կենտրոն հեռուստաընկերությանը և ասել, որ չի առաջադրելու թեկնածությունը վարչապետի պաշտոնին և սատարելու է Նիկոլ Փաշինյանին:
«Շարժմանը շատ դրական եմ վերաբերվում, սա ոչ թե մեկ-երկու տարվա հարց էր, այլ ժողովրդի մեջ կուտակված հարց էր և ՀՀԿ-ի ոչ ճիշտ պահվածքն էր ժողովրդի հանդեպ»,- ասել է Ծառուկյանը՝ նշելով, որ պայթյունավտանգ իրադրությունը բոլորն էին զգում:«Ժողովուրդը ոտքի կանգնեց, երիտասարդությունը ոտքի կանգնեց: Փառք ու պատիվ մեր ժողովրդին ու երիտասարդներին, իրենք են հաղթել, իրենք պետք է որոշումը կայացնեն: Մեր դիրքորոշումն այլ կերպ չի կարող լինել, հաղթանակը ժողովրդինն է: Ես իմ ամբողջ թիմով, մեկ մարդու պես ձայնը տալու եմ ժողովրդի ներկայացրած թեկնածուին: Մենք թեկնածու չենք առաջադրի»,- ասել է նա:Հարցին, թե եթե հանկարծ Հանրապետականը մտափոխվի և թեկնածու առաջադրի, դաշինքը ինչ կանի, Գագիկ Ծառուկյանը պատասխանլ է, որ իրենք ՀՀԿ-ին միանշանակ ձայն չեն տա:Ծառուկյանը անդրադարձավ նաև այն լուրերին, որոնց համաձայն Հանրապետականները նշել էին, թե իրենց թեկնածուն կլինի Ծառուկյանը, նրան կառաջադրեն, Ծառուկյանը պատասխանեց.«Դա Հանրապետականի աշխատանքն է: Միշտ այն մարդկանց, ովքեր հեղինակություն ունեն, նրանց վրա ցեխ են շպրտում և ուզում են վարկաբեկել ինձ և իմ թիմակիցներին: Նման բան չկա, ես իմ հայտարարությունը արել եմ և ուզում եմ ժողովուրդն էլ իմանա»:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 28-ին հայտարարեց, որ ՀՀԿ-ն որոշել է թեկնածու չառաջադրել:
Վանաձորի հանրահավաքի ելույթում անդրադառնալով ՀՀԿ-ի՝ թեկնածու չառաջադրելու հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սա վատ չէ, բայց լավ էլ չէ: Որպեսզի լավ լինի, ՀՀԿ խմբակցությունը ճիշտ կլինի, որ հայտարարի այլ խմբակցությունների հետ համատեղ ժողովրդի թեկնածուին առաջադրելու մասին:
Պատրաստակամ եմ հանդիպել ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ, որպեսզի հավաստիացնեմ նրանց, որ ներհայաստանյան ատելության էջը փակում ենք: Եվ եթե նրանք անեն այդ քայլը, նրանք դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը