28 04 2018

Ավտոերթ, քայլերթ ու հանրահավաքներ՝ Իջևանում և Վանաձորում. Թարմացվում է

Ավտոերթ, քայլերթ ու հանրահավաքներ՝ Իջևանում և Վանաձորում. Թարմացվում է

Ապրիլի 28-ին «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախատեսել է ավտոերթ Իջևան, ապա՝ Վանաձոր: Երկու քաղաքներում էլ նշանակված են հանրահավաքներ:

Ապրիլի 27-ին հանրահավաք տեղի ունեցավ Գյումրիում:

Իսկ Երևանում Նիկոլ Փաշինյանի ակցիաները կվերսկսվեն ապրիլի 29-ից:

Փաշինյանը խոստանում է բողոքի շարժումը թեժ պահել այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանը ժողովրդի թեկնածուին չի ընտրել վարչապետ:

Ազգային ժողովում վարչապետի ընտրությունը նախատեսված է մայիսի 1-ին:

Ապրիլի 28-ի դրությամբ, միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

***

Իջևան ուղևորվելիս ճանապարհի տարբեր հատվածներից Նիկոլ Փաշինյանին էին միանում քաղաքացիներ և իրենց մեքենաներով շարունակում ճանապարհը: 

Տարբեր հատվածներում քաղաքացիներ էին եկել դիմավորելու շարժման անդամներին:

*** 

Նիկոլ Փաշինյանիը Դիլիջանում չնախատեսված, փոքրիկ հանրահավաք ունեցավ:

***

«Ես ծնունդով իջևանցի եմ, բայց քաղաքական գործունեության մեջ ես նույնքան իջևանցի եմ, որքան ղարաբաղցի, գորիսեցի, կապանցի, եղեգնաձորցի, գյումրեցի, վանաձորցի:

Հայաստանում կլանային կառավարման էջը փակված է: ՀՀ-ում այլևս մարդիկ չպետք է գնահատվեն նրանով, թե ում ընկերն են, ում եղբայրն են, ու բաջանաղի ախպերն են, ում հետ են մոտիկ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է հավասար հնարավորություն մնացած քաղաքացիների հետ: Սա վերաբերում է տնտեսությանը, քաղաքականությանը, կրթությանը և այլն»,- Իջևանում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

***

Մենք պատրաստ ենք բանակցությունների ՀՀԿ-ի հետ. Նիկոլ Փաշինյան

«Բանակցությունները տարբեր պատճառներով չեն կայանում: Ես ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք բանակցությունների և մենք շահագրգռված են օր առաջ այս խնդիրը լուծել- վերջացնել: Մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների մեջ մտնել Ազգային ժողովի խորհրդարանական «Հանրապետական» խմբակցության բոլոր պատգամավորների հետ միևնույն ժամանակ:

Այսինքն՝ մենք պատրաստ ենք հանդիպել այդ խմբակցության պատգամավորներին մեկ սենյակում, քննարկել ստեղծված իրավիճակը, առաջարկել մեր լուծումները և լսել նրանց կարծիքները: Մենք պատրաստ ենք հանդիպել ԱԺ բոլոր պատգամավորների հետ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Մենք պատրաստ ենք բանակցել մեզ համար ընդունելի այլ ֆորմատներով:

Ուզում եմ ասել, որ ամենամեծ շահագրգռվածություն ունեցող ուժը մենք ենք, հաղթանակի դե յուրե արձանագրումն օր առաջ պետք է տեղի ունենա»,- Իջևանում հանրահավաքում ասաց Նիկոլ Փաշինյանը:

***

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի. Պաշտոնական

ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի հետ: Այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Օրակարգում եղել է մեկ հարց՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և ՀՀԿ մասնակցությունը մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին: ՀՀԿ համար առաջնային պետության շահն է, հայրենիքի շահն է և ներքին կայնունությունը:

«Առաջնորդվելով այդ առաջնահերթություններով, ՀՀԿ-ն որոշել է.

Ա. ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

Բ. ՀՀԿ խմբակցությւոնը կքննարկվի բոլոր թեկնածուների ծրագրերը և մինչև քվեարկությունը կներկայացնի դիրքորոշումը»:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ փոխվել է քաղաքական իրավիճակ. Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ է և այդ պատճառով Հայասատնում նոր իրողություններ են:

«Մեզ համար առաջնայինը ոչ թե կուսակցության, այլ պետության շահն է»,- ասաց Շարմազանովը:

***

ՀՀԿ-ի՝ թեկնածու չառաջադրելը վատ չէ, բայց լավ էլ չէ. Նիկոլ Փաշինյան

Վանաձորի հանրահավաքի ելույթում անդրադառնալով ՀՀԿ-ի՝ թեկնածու չառաջադրելու հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սա վատ չէ, բայց լավ էլ չէ: Որպեսզի լավ լինի, ՀՀԿ խմբակցությունը ճիշտ կլինի, որ հայտարարի այլ խմբակցությունների հետ համատեղ ժողովրդի թեկնածուին առաջադրելու մասին:

Պատրաստակամ եմ հանդիպել ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ, որպեսզի հավաստիացնեմ նրանց, որ ներհայաստանյան ատելության էջը փակում ենք: Եվ եթե նրանք անեն այդ քայլը, նրանք դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ